Արտագաղթողներից ոչ մեկին չե՛ս կարող մեղադրել....2016-03-05 01:54:00
Երբեմն փորձում եմ հասկանալ մարդկային արժեքների ու զարգացման մասին, թե ի՞նչ է կատարվում և ինչո՞ւ է Հայաստանում տարեցտարի ավելանում բարձրագույն կրթությամբ, սակայն ցածրագույն մակարդակով, ցածրագույն դաստիարակությամբ և միջնակարգ գաղափարներով մարդկանց թիվը: Ինչո՞ւ է Հայաստանում ավելանում մարդկային որակների պակասը, քանզի անզեն աչքով էլ երևում է, որ ներկայիս մարդկանց` զգալի զանգվածի մոտ, բացի սոցիալական և տնտեսական վիճակից` վատանում է նաև հոգևոր ներաշխարհի վիճակը, որը արտացոլվում է չարիքի, կեղծիքի, նախանձի, անտարբերության ու ատելության մթնոլորտով:
Երբեմն, նույնիսկ զարմանալի է, թե ինչպե՞ս կարելի է կորցնել այն ՝ ի՞նչ դարերով եկել է մեր գենետիկական արյան մեջ: Այն է՝ Հայրենասիրությունը, բարիությունը, նվիրվածությունը, ազնվությունը, համեստությունը, մարդասիրությունը, հյուրասիրությունը ու պարկեշտությունը: Ի վերջո, ու՞ր մնաց մեր Հայկական ավանդույթները և ազգային արժեքները, Կրոնական և էթնիկ արժեքները, որոնց համար Հայ ազգը դարերով պայքարել է ու հալածվել, որոնց համար ենթարկվել է ցեղասպանության:
Սակայն այն ժամանակներում, չկորցնելով իր մարդկային բարձր արժեքներն ու որակները՝ Հայ ազգը դիմակայեց, պայքարեց հանուն գոյատևման, սփռվեց ողջ աշխարհով, սակայն պահպանեց իր գոյությունը, բազմահազար արյան գներով սերնդից սերունդ փոխանցեց ավանդույթ ու մշակույթ, հպարտություն ու Հայրենասիրություն, գիր ու գրականություն, կրոն և աղոթք, արվեստ և արհեստ, որոնք, ցավո՛ք սրտի, ներկայումս մեր հասարակության մեծամասնությունը մոռացության ու անտեսությանն է մատնել՝ դավանելով նոր արժեքներ, որոնք հարիր չե՛ն Հային և ցանկացած այլ ազգին։
Հիշում եմ աղետի գոտի դարձած Շիրակի մարզի ողբերգությունը, Գյումրու երկրաշարժը, որի ժամանակ Հայ ազգը միասնական ուժերով ու ջանքերով հաղթահարեց աղետի հետևանքները, միմյանց նկատմամբ ցավակցությունից ու աջակցությունից բացի զգացվում էր նաև օտարերկրյա քաղաքացիների ցավակցությունը և աջակցությունը, մարդասիրությունը և հոգատարությունը: Հիմա ամեն ինչ այլ է, քանզի նույն այդ աղետի հետևանքով տուժած, հարազատներ կորցրած ու անօթևան մնացած ընտանիքների մի մասը` դեռ անօթևան են...
Հիշում եմ 1991թ-ը Արցախյան շարժումը, պատերազմը, սովի ու մթի ցուրտ տարիները, սակայն մարդկանց մեջ կար բարություն , փոխադարձ հարգանք, միմյանց նկատմամբ աջակցության ցուցաբերման ցանկություն: Բոլորը միասին հավաքված էին վառարանի մոտ` համատեղ ու միասնաբար դիմակայելով երկրում ծառացած խնդիրներին ու պրոբլեմներին:
Երկրում աղքատություն էր, սակայն մարդկանց դեմքին ժպիտ կար, հույս ու հավատ , կար նաև Հայրենասիրություն, իսկ այժմ, երբ փողոցում անցնելիս տեսնում են ժպիտն դեմքին երջանիկ մի անցորդի` կարծում են հոգեկան ու խանգաված է: Անտարբեր դարձած մարդիկ անգամ գետնին ընկածին էլ տրորում են ու անցնում: Հարազատը, բարեկամը, հարևանը դիմացինին չի՛ ցանկանում ու չի՛ կարեկցում, իսկ Հայրենասիրության մասին էլ՝ ավելի լավ է լռեմ, քանզի այն ժամանակվա Հայրենասերների մեծ մասը ներկայումս արտագաղթել են, իսկ մյուս մասն էլ երազում են ԱՄՆ կա՛մ Եվրոպական այլ երկրներ մեկնելու ու տեղակայվելու , երազում են անգամ այլ երկրների քաղաքացիություն ստանալու մասին, իսկ ոմանք էլ՝ չունեն որևէ տեղ մեկնելու հնարավորություն։
Ցավո՛ք սրտի, նրանցից ո՛չ մեկին չես կարող մեղադրել կա՛մ որևէ բան ասել, քանզի այդ ամենը նրանք անում են հանուն իրենց և իրենց երեխաների համար` հանապազօրյա հաց վաստակելու , ուսման տալու և մարդավայել կյանք ապահովելու համար։
Էմիլ Մարկոսյանի ֆեյսբուքյան էջից
Այս նյութը դիտել են - 1571 անգամ