Ժամանակն է «Մարգո» անվանմամբ օճառ թողարկել՝ առաջին կարգի քծնողների համար...2016-03-06 03:31:00
Օրերս ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը, նույն ինքը՝ հանրապետականի Մարքրիտը, հերթական հարցազրույցն է տվել հերթական կայքերից մեկին։
Բնականաբար, ինչպես միշտ, ոչ մի հետաքրքիր միտք, ոչ մի հետաքրքիր գաղափար։
Սովորական մարգոյական ՙտաֆտալոգիան՚ ՝ իշխանությունների հասցեին քծնանքի պարտադիր դոզայով։
Պատահական չէ, որ հանրության շրջանում արդեն հումոր է պտտվում, թե ժամանակն է ՙՄարգո՚ անվանմամբ օճառ թողարկել՝ առաջին կարգի քծնողների համար։
Հանրապետական տարեց այս տիկինը դժվար ու բարդ անցյալ է ունեցել. երկար տարիներ աշխատելով լրագրող՝ նա միշտ եղել է պահեստային նստարանին, չնայած՝ ձգտել է լինել առաջինը։ Չի ստացվել, լրագրողական կարողությունները չեն ներել։ Հետո, անցնելով քծնանքի եւ ծառայամտության դժվար ուղին՝ հայտնվեց խորհրդարանում ու թվում էր վերջ՝ եկել է Մարքրիտի աստեղային ժամը, եւ նա վրեժ կլուծի համայն հայ ազգից, որն այդպես էլ չգնահատեց լրագրողական իր տաղանդն ու նա միշտ մնաց պահեստային։
Բայց, ֆորտունան պատգամավոր Մարգոյի հանդեպ եւս շռայլ չգտնվեց։ Այս դաշտում էլ տիկինը, չնայած Ալիեւին պարբերաբար պատին դեմ տալով եւ իշխանություններին փառաբանելով, մնացել է ՀՀԿ՝ անգամ միջին վիճակագրական պատգամավորների ստվերում։
Ասում են՝ տիկինը շատ ծանր է տանում, որ լրագրողներն իրեն չեն մոտենում, հարցազրույցներ չեն վերցնում, ուստի ինքն իր հետ ինքնահարցազրույցներ է անում, եւ իր նախկին կոլեգաներին խնդրում տեղադրել իրենց կայքերում եւ թերթերում։ Դե, նախկին կոլեգա է՝ խնդրանքը չեն մերժում։
Բայց, իր վերջին հարցազրույցում տարեց տիկինը մի դիտարժան միտք, այդուհանդերձ, ասել է՝ որ ժամանակն է տեղը զիջել նոր դեմքերի, նոր մարդկանց։ Ազնիվ պոռթկում է եւ միանգամայն գնահատելի։
Մնում է, որ տարեց այս կինը, ով շարունակում է խորհրդարան գալ 15-ամյա աղջնակի թռթռան շորիկներով, հասկանա, որ քանի դեռ վերջնականապես չի վերածվել կարիկատուրայի՝ հեռանալու եւ իր տեղը զիջելու ճիշտ ժամանակն է։
Եթե լինենք անկեղծ՝ այդ ժամանակը դեռ մի բան էլ վաղուց անցել է։
Գայանե Սահակյանի ֆեյսբուքյան էջից
Այս նյութը դիտել են - 2405 անգամ