ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանը երկար ժամանակ է՝ պաշտոններ չի զբաղեցրել և, հավանաբար, դեռ տեղյակ չէ, որ 10 տարվա վաղեմությամբ էժանագին PR- ակցիաներն այսօր արդեն ազդեցություն չեն գործում: Եվ նրա կողմից լավ կազմակերպված ու մեկ այլ ձեռքից տարածում գտած տեղեկատվությունն այն մասին, թե նախարարը հրաժարվել է թանկարժեք ծառայողական մեքենայից, ընդամենը մեղմ քմծիծաղ կարող է հարուցել:
Իսկ բանը միայն մեքենան չէ: Եթե Լևոն Մկրտչյանն այսօր հրաժարվում է 70 հազար դոլար արժողությամբ «Volksvagen touareg» մակնիշի ավտոմեքենայից ու նախընտրում է տեղաշարժվել անհամեմատ էժան «Toyota camry»-ով, դա դեռ ոչինչ չի նշանակում: Նախարարի լավն ու վատը չի որոշվում նրա տակ դրված մեքենայի արժեքով:
Սակայն Մկրտչյանն իր այդ գովազդային քայլով մեկ այլ վատ արարք էլ է թույլ տալիս՝ անուղղակիորեն ցեխ է շպրտում նախորդի՝ Արմեն Աշոտյանի վրա: Իբր՝ տեսեք-տեսեք, ես ձեզ համար կոռումպացված Աշոտյանը չեմ, որ հայտնի չէ, թե ինչպես կարողացավ ձեռք գցել մի մեքենա, որը չի համապատասխանում օրենսդրորեն գերատեսչության ղեկավարների ծառայողական մեքենաների սահմանված մակնիշներին:
Սրա հետ մեկտեղ Մկրտչյանն իր արարքով փորձ է անում հիշեցնել, որ Աշոտյանի մոտ մեքենան հայտնվել էր կասկածելի ճանապարհով, այսինքն` նրան նվեր էին տվել: Իսկ նվիրատուն էլ Կրթության ազգային ինստիտուտ ՓԲԸ-ն էր: Ու հիմա եկեք կռահենք, թե այդ ի՞նչ թաքուն ծառայությունների դիմաց Աշոտյանին փոխհատուցեցին թանկարժեք նվերով: Կամ գուցե նվե՞ր չէ, այլ կաշառք:
Այս տհաճ պատմության ամենահատկանշական դրվագը, սակայն, դրա ավարտն է: Կարծում եք ազնիվ ու մաքուր ձեռքերով դաշնակ նախարար Լևոն Մկրտչյանն իսկապե՞ս հրաժարվել է կասկածելի ավտոմեքենայից: Չարաչար սխալվում եք: , չի հրաժարվել: Ընդամենն ասել է, թե իբր Volksvagen touareg-ը իրենք կպահեն նախարարության տրամադրության տակ, և դա երևի մեկ այլ պաշտոնյայի կսպասարկի:
Ո՞վ է այդ «մեկ այլ»-ը: Քանի՞ գլուխ ունի, որ նստի նախարարի ունեցածից ավելի լավ մեքենա: Կամ գուցե դրանով երթևեկեն ՀՅԴ ԳՄ անդամնե՞րը, երբ որոշեն գործերով այցի գալ իրենց կուսակցական ընկերոջը:
Այս նյութը դիտել են - 1396 անգամ