Եռաբլուր պանթեոնում լրագրողների թակարդում էր հայտնվել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անվեհեր որդին՝ Տիգրան Խաչատրյանը: Բազում քաջագործությունների հեղինակ այս երիտասարդին անպատիժ և ազատության մեջ տեսնելու խառը զգացումներից միայն մեկ հարց կարող էր ծնվել, թեև հարցը քիչ հերոսական էր. «Ինչպե՞ս է լինում, որ այդպես է լինում»:
Եվ պարզվեց, որ կրտսեր Խաչատրյանը դրա համար ինքնատիպ պատասխան ունի. «Մարդու վրա որ շատ աչքեր են լինում, մարդը փորձանքների է հանդիպում»։
Սնահավատության այս եզակի դրսևորումը, որը շաղախված էր ուրիշների մեջ իր մեղքերի պատճառները գտնելու ներքին համոզմունքով, առայժմ միայն մի փրկություն ունի. Տիգրան Խաչատրյանի վզից անհապաղ պետք է աչքի հուլունք կախել՝ չար հայացքներից փրկելու համար:
Իսկ թե հատկապես ո՞ւմ դեմ է ուղղված իր բողոքն ու գանգատը, սրան էլ տղան մեկ ընդհանրական պատասխան է գտել. «Վատ մարդկանց, է՜, ինչ իմանամ՝ ովքեր են վատ մարդիկ»,- ասում է նա:
Մնացած բոլոր դեպքերի համար նա այլևս բացատրություններ չուներ, քանի որ լրագրողները սկսեցին մեկ առ մեկ թվարկել այն բոլոր դրվագները, երբ Լիսկայի տղան ուրիշների կյանքում էր մեկընդմիշտ դրոշմվել իբրև վատ մարդ: Չշրջանցվեց նաև այն փաստը, որ նա չի ծառայել բանակում, սակայն Գորիսի ԵԿՄ երիտասարդական կառույցի ղեկավարն է: Այս հարցի վրա երիտասարդը կրկին բորբոքվեց ու ասաց. «Ի՞նչ կապ ունի դա: Ոչինչ, ոչինչ, կարա լինի, ի՞նչ ա եղել, կարևորը մարդ իր ազգի համար պատրաստ լինի կրիտիկական պահերին»։
Վերջին տարիներին Սյունիքում գրանցված բոլոր կրիտիկական իրադարձություններն անմիջականորեն առնչվել են Տիգրան Խաչատրյանի և նրա մարզպետ հոր անունների հետ: Եթե դրանք արվել են հանուն ազգի, կնշանակի ազգի գործերն այնքան էլ լավ չեն: Ու, հավանաբար. շտապ հարկավոր է մի աչքի հուլունք էլ երկրի համար գտնել, քանի դեռ այդ երկրի տերերից մեկն էլ Խաչատրյանների ընտանիքն է:
Այս նյութը դիտել են - 1773 անգամ