Իշխանության Առաջին խմբում սրվում է պայքարը...2016-03-07 10:08:00
Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, թե իր որդին Երեւանի քաղաքապետ դառնալու ցանկություն չունի: Միաժամանակ նա ասել է, թե քաղաքապետ չեն դառնում, այլ ժողովուրդն է ընտրում:
Մամուլը տեւական ժամանակ է գրում է, որ Հովիկ Աբրահամյանն ունի իր որդուն, որը Արտաշատի ներկայիս քաղաքապետն է, Երեւանի քաղաքապետ դարձնելու մտադրություն: Աբրահամյանի որդին, ըստ այդմ, դիտվում է Երեւանի քաղաքապետի մի քանի թեկնածուներից մեկը: Մյուս երկու ընդգծված թեկնածուներն են գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու կապի ու տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը:
Ի դեպ, հետաքրքիր է, որ Եռաբլուրում լրագրողների հարցին, թե քաղաքապետի թեկնածության շուրջ լարված են իր, Գագիկ Բեգլարյանի ու ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի հարաբերությունները, Հովիկ Աբրահամյանը պատասխանել է, թե այսօր դրա համար չեն եկել Եռաբլուր: Իսկ Եռաբլուր գնացել էին Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձի համար:
Փաստորեն, Հովիկ Աբրահամյանը չի շտապել հերքել Բեգլարյանի եւ Սեդրակյանի հետ լարված հարաբերությունների մասին տեղեկությունները: Որդու քաղաքապետ դառնալու մտադրությունը հերքել է, իսկ ահա քաղաքապետի թեկնածության շուրջ երկու ՀՀԿ-ականների հետ լարվածությունը չի հերքել: Ինչու՞, Աբրահամյանը ուշադրություն չի՞ դարձրել այդ տարբերությանը, թե՞ ցանկացել է հաստատել, որ այդ անձանց հետ լարված հարաբերության մեջ է:
Դա կնշանակի, որ լարվածության պատճառն ավելի խորն է, քան Երեւանի քաղաքապետի թեկնածության շուրջ մրցակցությունը: Ի դեպ մամուլում գրվել է, որ Սեդրակյանն էլ ցանկանում է իր որդուն տեսնել Տարոն Մարգարյանի տեղում: Սեդրակյանի որդին եղել է Երեւանի Ավագանու ՀՀԿ ցուցակում, Կադաստրի կոմիտեի պետի տեղակալն է:
Սեդրակյանն առայժմ չի հերքել իր որդու վերաբերյալ այդպիսի ծրագրեր ունենալու մտադրությունը: Թեեւ, խոսել է պատգամավորության մասին եւ ասել, թե ինքն է որոշում՝ լինել պատգամավոր, թե ոչ, ոչ թե ինչ որ մեկն ասում է իրեն:
ՀՀԿ վերնախավում հարաբերություններն իսկապես խառն են, այնքան խառը, որ Տարոն Մարգարյանը Երեւանի քաղաքապետի ընտրությունից մեկ տարի առաջ սկսել է օրական մի քանի խորհրդակցություն անցկացնել ու այնպես ընդդիմախոսել իր իսկ գլխավորած կառույցի ստորաբաժանումներին, կարծես նոր է տեղեկացել դրանց գոյության կամ աշխատանքային որակների մասին:
Իրականում Տարոն Մարգարյանն անկասկած տեղյակ է այլ բանից՝ քաղաքապետի պաշտոնի համար ՀՀԿ-ական թեժ մրցակցությունից: Եվ ահա այդ առումով Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը, թե քաղաքապետ չեն դառնում, այլ ժողովուրդն է ընտրում, ուշագրավ ակնարկ է Տարոն Մարգարյանին:
Հովիկ Աբրահամյանն իհարկե լավ գիտե, որ քաղաքապետին ընտրելու է Սերժ Սարգսյանը, բայց նա կընտրի այն քաղաքապետին, որը կվայելի ժողովրդի՝ պարզապես ՀՀԿ «ժողովրդի» հավանությունը: Հովիկ Աբրահամյանն ակնարկում է, որ հեշտ չի հանձնվի եւ եթե հաջողվել է չեզոքացնել նրա հավակնությունը Երեւանի քաղաքապետի պաշտոնի հանդեպ՝ իհարկե ի դեմս որդու, ապա ինքն էլ բավականաչափ կխանգարի այլոց հավակնությունների իրականացմանը, նպաստելով, որ Սերժ Սարգսյանն ընտրի բոլորովին այլ քաղաքապետ:
Այդպիսով, Եռաբլուրում բազմիմաստ ակնարկներով Հովիկ Աբրահամյանը ցույց է տվել, որ բավական աշխույժ է լինելու Երեւանի քաղաքապետի ընտրության հարցում եւ այստեղ պայքարի մեջ է, անկախ անմիջական հավակնություններից:
Եվ դա զարմանալի էլ չէ: Երեւանը փաստացի դառնում է «ներիշխանական առաջնության» Առաջին դիվիզիոնը, որտեղ խաղում են բարձրագույն խմբից դուրս մնացածները: Բանն այն է, որ Բարձրագույն խմբում Սերժ Սարգսյանը կարծես թե լուծեց իր չեմպիոնության հարցը, մնացյալին դուրս թողնելով Առաջին խումբ:
Բնականաբար պայքարը սրվելու է այդ խմբում, ինչին էլ դառնում ենք ականատես:
lragir.am
Այս նյութը դիտել են - 1307 անգամ