ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈւՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ...
2016-03-07 13:24:00

 Թերևս բնական օրինաչափություն կա այն բանում, որ Կանանց միջազգային օրը համընկնում է տարվա ամենահրաշալի եղանակի՝ գարնան գալստյան հետ, քանզի հենց կինն է, որ լավագույնս խորհրդանշում է գարնան զարթոնքն ու պերճանքը, հմայքն ու պայծառությունը:
Այս ամենով հանդերձ, սիրելի´ կանայք, Դուք մեր մեծարանքին ու անհուն սիրուն առաջին հերթին արժանի եք նրա համար, որ ի վերուստ Ձեզ է տրված մայր դառնալու շնորհ-երջանկությունը և, հետևաբար, Ձեզ է վերապահված ազգի կենսունակության ու հարատևության կրողն ու սնուցիչը լինելու սրբազան առաքելությունը: Բայց Դուք միայն երեխաներ ծնող ու դաստիարակող մայր չեք, այլ նաև ընտանիքի հոգսերը ամուսնու հետ կիսող կողակից-կին, գթասիրտ քույր ու սիրասուն դուստր: Եվ բոլոր դեպքերում անմնացորդ նվիրված, հոգատար ու բարի:
Սիրելի´ կանայք, մեր ժողովրդի պատմության ընթացքում բացառիկ դերակատարություն եք ունեցել Դուք, հատկապես՝ ճակատագրական պահերին: Այսօր էլ Դուք ոչ միայն մեր ընտանիքների ամրությունն ու ջերմությունը հուսալիորեն ապահովող սյուն ու տանիք եք, այլև ակտիվ գործունեություն եք ծավալում մեր երկրի հասարակական կյանքի տարբեր ոլորտներում՝ որպես բժիշկ ու ճարտարագետ, մանկավարժ ու գործարար, գիտնական ու պետական գործիչ:
Այս պայծառ տոնի՝ կանանց միջազգային օրվա և առաջիկա միամսյակի առթիվ, սիրելի´ կանայք, ջերմորեն ու սրտանց շնորհավորում եմ Ձեզ և մաղթում Ձեր բոլոր երազանքների ու ցանկությունների իրականացում: Երջանիկ եղեք և միշտ գնահատված:
Շնորհավո՛ր։
ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ` ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Այս նյութը դիտել են - 1889 անգամ