Էդվարդ Նալբանդյանի պաշտոնանկությունը....2016-03-07 19:17:00
Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել արտաքին գործերի նախարարի նոր տեղակալ նշանակելու մասին, որը զբաղվելու է արտաքին տնտեսական կապերով: Սերժ Սարգսյանի այդ քայլը նրա նոր նախաձեռնության շարքից է: Սարգսյանը հայտարարել է արտաքին տնտեսական հարաբերությունները խորացնելու վերաբերյալ խորհրդակցությունների շարք սկսելու մասին եւ արդեն իսկ արել է երեք խորհրդակցություն՝ Իրանի, Ավստրիայի եւ Ֆրանսիայի թեմայով:
Դրանից հետո Սարգսյանը կատարել է նոր նշանակումը: Այդ պաշտոնում աշխատելու է Ռոբերտ Հարությունյանը: Սակայն, տվյալ դեպքում գուցե ոչ այնքան էական է անձը, որքան գործընթացն ինքնին, առավել եւս, որ անձերի մասով կարծես թե բավական ընդգծված է այն իրողությունը, որ Սարգսյանի վերջին օրերի կադրային քաղաքականությունը միտված է իշխանության առանցքային դիրքերում անձնապես հավատարիմ մարդկանց նշանակումը:
Ինչ վերաբերում է գործընթացին, ապա արտաքին գործերի նախարարությունում արտաքին տնտեսական կապերի աշխատանքով զբաղվող նոր փոխնախարարի հաստիքի սահմանումը փաստացի նշանակում է, որ սահմանվել է Հայաստանի դե ֆակտո նոր արտգործնախարար:
Դա իհարկե հիպոթետիկ դիտարկում է, որի հիմքը սակայն առկա իրականությունն է: Սեպտեմբերի 3-ը ընդգծված ցույց տվեց, իսկ հետագայում էլ դա բավական ցցուն դրսեւորումներով արտահայտվեց, որ Հայաստանը գործնականում չունի արտաքին քաղաքականություն՝ այն վերածվել է ռուսական կցորդի, սպասարկում է ավելի շատ Ռուսաստանի, քան Հայաստանի շահն ու անվտանգությունը:
Դրա առավել վառ վկայությունն էր այն, որ այդ շահի ու անվտանգության համար արտաքին քաղաքական դե ֆակտո գործառույթներ սկսեց իրականացնել պաշտպանության նախարարությունը՝ բանակի ռազմական խնդիրների արտաքին քաղաքական լիարժեք սպասարկումը իրականացնելու համար:
Զինված ուժերը ստանձնեցին արտաքին քաղաքականության ռազմա-քաղաքական այդ բաղադրիչի բացը: Բաց էր մնացել արտաքին քաղաքականության Հայաստանի համար ներկայում գերկարեւոր մյուս՝ տնտեսական բաղադրիչը, որն էլ իրականացնելու համար Սերժ Սարգսյանը փաստորեն նշանակում է նոր փոխարտգործնախարար:
Տնտեսական արտաքին կապերի դիվերսիֆիկացումը խոշոր հաշվով պայմանավորում է պետության արտաքին քաղաքականության ճկունությունը: Եթե Հայաստանի արտգործնախարարությունը ժամանակին արդյունավետ զբաղվեր այդօրինակ խնդիրներով, ապա անկասկած բոլորովին այլ կլիներ արտաքին քաղաքական պոտենցիալը եւ անկախությունն ընդհանրապես:
Իհարկե, սրան անկասկած գումարվում է այն, որ այդ հարցում արտաքին քաղաքականությունը չի կարող ինքնին արդյունավետ լինել, եթե չկա համարժեք ներքին քաղաքականություն: Սակայն, այդուհանդերձ, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության վերջին տարիների համակողմանի տապալումն ակնհայտ է, եւ Սերժ Սարգսյանի նոր նշանակումը փաստացի ամբողջացնում է այդ տապալման պետական ճանաչումը:
Խոշոր հաշվով, առկա գործընթացները վկայում են, որ արձանագրվում է դրա համար արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանատվությունը: Փաստացի, արտաքին քաղաքականության մի կարեւոր գործառույթը վաղուց իրականացնում է զինուժը, մյուսի համար կատարվում է նոր նշանակում, Նալբանդյանը դե ֆակտո հայտնվում է լուսանցքից դուրս, եւ դե յուրե ձեւակերպումներ հավանաբար ուշանում են այն պատճառով, որ Սարգսյանը չի ուզում խորհրդարանի ընտրությունից առաջ գնալ քայլերի, որոնք ենթադրում են հետագա բավական բարդ արտաքին կոնսուլտացիաներ:
lragir.am
Այս նյութը դիտել են - 1388 անգամ