Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի համար ծանր հարված էր նախարարության կազմից պետական եկամուտների կոմիտեն առանձնացնելը: Թեև դժվարությամբ, բայց նա այդ մտքի հետ վաղ թե ուշ պիտի հաշտվի: Իսկ ներկա պահին նախարարի մտահոգություններն այլ ուղեծիր ունեն: Բանն այն է, որ ժամանակի սղության պատճառով Խաչատրյանը չէր հասցրել կարգավորել իր բոլոր գործերը, և նա ստիպված էր վերջին պահին հրահանգել, որ արտակարգ կարգով սրբագրվեն բոլոր այն փաստաթղթերը, որոնք կարող են խնդրահարույց լինել և փարձանք դառնալ:
Դժվար չէ գլխի ընկնել, որ նման թղթերի քանակը կարող է մոտ լինել աստղաբաշխականին: Սա կոչվում է ջնջել բոլոր հետքերը: Գագիկ Խաչատրյանի դեպքում մի փոքր շտկում կարելի է անել՝ «ջնջել բոլոր կեղտոտ հետքերը»: Եվ երբ նպատակը վեհ ու կարևոր է, ապա ընդունելի են ցանկացած միջոց ու միջամտություն: Ասում են, որ վերջին օրերին ՊԵԿ-ում անջատված է եղել նաև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգը (Malbri): Սա, իհարկե, ծայրահեղ քայլ է, բայց ուրիշ ինչպե՞ս վարվել, եթե պահանջ կա գոնե որոշ ժամանակ հնարավորինս գաղտնի պահել ՊԵԿ-ում ծավալվող քրտնաջան աշխատանքը:
Թե այդ ամենը որքանով արդյունավետ կլինի, դեռ կիմանանք: Շատ բան է կախված նաև ՊԵԿ նոր ղեկավարից: Եթե Հովհաննես Հովսեփյանը ցանկանա՝ կտեսնի կեղծիքը, իսկ եթե աչք փակի ու անցնի, այդ դեպքում Գագիկ Խաչատրյանը կարող է հուսալ, որ լարված շաբաթներից հետո կարող է գոնե մեկ անգամ հանգիստ շունչ քաշել:
Այս նյութը դիտել են - 1860 անգամ