Երկրում մոլեգնում է դաշնակցական «տերտերը» ...
2016-03-08 14:45:00

Հայաստանում միամտաբար կարծում էին, որ ՀՅԴ-ի համագործակցությունը իշխանությունների հետ կարող է առաջացնել Սփյուռքում գործող դաշնակցականների ընդվզումը, քանի որ դրսի դաշնակցականներին, չգիտես ինչու, ընդունված է համարել ավելի սկզբունքային և գաղափարական:

Շատերը պնդում էին, որ այդ ընդվզումը այնքան ուժեղ կլինի, որ որոշ դաշնակցական ընկերներ հրապարակային կլքեն կուսակցությունը, որովհետև կհամարեն, որ իրենց իսկ կողմից պլուտոկրատական հռչակված իշխանության հետ համագործակցությունը աններելի է, որ չի կարելի 7-կետանոց պահանջագիր ներկայացնել, և առանց այդ կետերի կատարման՝ գնալ ընկնել իշխանությունների գիրկը: Բայց համաձայնագրի ստորագրումից հետո Սփյուռքում գործող ՀՅԴ-ական մամուլի արձագանքները ցույց են տալիս, որ այնտեղ ավելի մեծ ոգևորություն կա ՀՅԴ-ի իշխանությունից փայ ստանալու հարցում, քան նույնիսկ Հայաստանում: Սրա պարզ բացատրությունն այն է, որ Հայաստանում և Սփյուռքում գործող կառույցները նույն անվանումն ունեն, և այդ կառույցներին անդամակցողները գաղափարակիցներ են:

Այսպես asbarez.com ինտերնետային կայքը գրեթե ամենօրյա պարբերականությամբ հրապարակախոսական նյութեր է հրապարակում, որի հեղինակները իրենց հիացմունքն ու համերաշխությունն են հայտնում իշխանությունների հետ ստորագրված համագործակցության փաստաթղթի մասով: «Ասպարեզի» հեղինակներից Րաֆֆի Տուտագլյանը երեկ հանդես է եկել «Հեղափոխության ժամանակը հիմա է» վերնագրով հրապարակմամբ՝ փորձելով իր ընթերցողին համոզել, որ այդ համաձայնագրով երկրի ներքին կյանքում հեղափոխական փոփոխությունների հնարավորություն է ստեղծվում:

Հոդվածագիրը սկսում է բացատրել, որ ինքը ամենևին նկատի չունի արյունոտ, վայրագ, երկրի ներքին անդորրը տակնուվրա անող, բազմություններն ու հակադիր կողմերը եղբայրասպան բախումների առաջնորդող հեղափոխությունը: Տուտագլյանը բացատրում է, որ հեղափոխություն պետք է տեղի ունենա Հայաստանի քաղաքացի-իշխանություններ հարաբերությունների ձևի և բովանդակության մեջ, և նրանց մեջ առկա անջրպետը պետք է կրճատվի: Հետո հեղինակը գրում է, թե ինքնախաբեություն կլինի, եթե պնդենք անցյալի ինքնագոհ իշխանությունների առաջ մղած այն թեզը, որ Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը իր քվեով փաստել է, որ գոհ է իշխող կուսակցության վարքագծից: Բոլորս էլ գիտենք, թե ինչպես են տեղի ունեցել այդ «ընտրությունները»:

Ո՞ր անցյալի մասին է խոսում Տուտագլյանը, չլինի՞ թե Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիների, երբ ՀՅԴ-ն միշտ պաշտպանել է նրա թեկնածությունը, իսկ ՀՅԴ-ական պաշտոնյաները և մարզպետները ակտիվորեն մասնակցել են այդ ընտրակեղծարարության կազմակերպմանը: Թե՞ 2008թ. նախագահական ընտրությունների, երբ ՀՅԴ-ն, ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի ու ՕԵԿ-ի հետ ստանձնեց մարտի 1-ի պատասխանատվությունը, և կրկին մաս կազմեց իշխանությանը:
ՀՅԴ-ական գործիչը գրում է, որ հեղափոխություն պետք է լինի Հայաստանի ընտրական համակարգում, քանի որ հայ քաղաքացին Հայաստանի ընտրական գործընթացներին հավատում է այնքան, որքան Հիսուսը Հուդայի համբույրին: «Հեղափոխության առաջին քայլը պետք է լինի քվեարկած քաղաքացիների ցուցակների հրապարակումը, որը տարիներ շարունակ եղել է Դաշնակցության պահանջը»,- գրում է հեղինակը:

Մի՞թե ՀՅԴ-ական գործիչը չգիտի, որ արդար ընտրությունները ամենաշատը վտանգավոր են հենց Դաշնակցության համար, քանի որ արդար ընտրությունները կարձանագրեն ՀՅԴ-ի իրական վարկանիշը, իսկ դա նման կլինի ինքնասպանության: Մի՞թե պարզ չէ, որ ՀՅԴ-ն ընտրություններից առաջ համագործակցության համաձայնագիր ստորագրեց իշխանության հետ ընտրակեղծարարությանը մասնակից դառնալու և դրա միջոցով իր ներկայությունը ապագա խորհրդարանում ապահովելու համար:

Դաշնակցական հոդվածագիրը գրում է, որ պետք է հեղափոխություն անել երկրի դատական համակարգում, քանի որ երկրի արդարադատությունը ամեն ինչ է՝ բացի արդար լինելուց, պետք է արդարադատությունը մաքրել անարդարությունից՝ երաշխավորելով նրա անկախ և անկաշառ գործունեությունը: Հեղափոխություն պետք է իրականացնել տնտեսության ղեկավարման մեջ, որպեսզի մեկընդմիշտ վերջ դրվի մենաշնորհների սանձարձակ գործունեությանը և նրանց հովանավորչությամբ ծաղկող փտախտին, որը կոչվում է կոռուպցիա: Որպեսզի իրավազուրկ, չոր հացով ապրող և հայ աշխատավորի ու գյուղացու թափած քրտինքը չվատնվի շահագործող ցեցերի կողմից:

Մի՞թե առաջին անգամ է, որ Դաշնակցությունը մաս է կազմել իշխանությանը, և մի՞թե հայ հանրությունը հնարավորություն չի ունեցել տեսնելու, թե ինչով են տարբերվում դաշնակցական շահագործող ցեցերը հանրապետական կամ այլ կուսակցությունների ցեցերից: Դաշնակցական պաշտոնյաների կողմից իրականացված հովանավորչության և կոռուպցիայի բազմաթիվ դեպքեր են հայտնաբերվել պետական մարմինների կողմից, և դրանք այնքան սարսափազդու են եղել, որ նույնիսկ հանրապետական նախարարներն են զարմացել դաշնակցականների հանդգնությունից և երևակայությունից: Կասկած չկա, որ նույնը և ավելի մեծ թափով կրկնվելու է հիմա:

«Վճռական քայլերով շոշափելի, իրական, տեսանելի արդյունքները միայն կկարողանան համոզիչ լինել և արդարացնել որևէ համաձայնագիր, որի տակ դրված է Դաշնակցության սուրբ կնիքը»,- եզրափակում է Տուտագլյանը:

Հույս ունենանք, որ ամեն ինչ այդքան վատ չի ավարտվի Հայաստանի համար, որ անհրաժեշտություն լինի դնել սուրբ կնիքը: Հիշեցնենք որ այդ սուրբ կնիքը մի անգամ Ալեքսանդր Խատիսյանի կողմից դրվեց Ալեքսանդրապոլի պայմանագրի տակ: Մի ստորացուցիչ պայմանագիր, որի նմանը չի կարելի կամենալ անգամ թշնամիներին: Բայց շատ վտանգավոր է, որ Խատիսյանի հոգևոր ժառանգները շարունակում են Հայաստանին նման ապագա կանխատեսել

 1in.am

 

 

 

 

Այս նյութը դիտել են - 1580 անգամ