ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԶԻՆՎՈՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ...
2016-03-08 21:22:00
           Գրիգորյան Սեդա, 10-րդ դասարան,  
 Մարտակերտի Վլ. Բալայանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտուհի

     

Արցախի Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության կողմից կազմակերպված շարադրությունների մրցույթում իմ աշակերտուհու ստեղծագործական շարադրանքն արժանացավ առաջին մրցանակային տեղին, /մեջբերում շարադրությունից/:


Հայրենիքի սահմանների պաշտպանությունը բոլորիս սրբազան պարտքն է:

Ամեն օր համոզվում եմ, որ սահմանամերձ բնակավայրում հայրենասիրությունը մեր արյան բաղկացուցիչ տարրն է կազմում, բանակային համազգեստը` մեր սիրելի հագուստը, իսկ զենքը` մեզ համար սիրելի մի իր: Երբեմն ամաչում եմ, բայց մի ներքին մղում ինձ ստիպում է սիրել զենքը: Ես այն համարում եմ ինքնապաշտպանության միջոց: Գուցե դա նրանից է, որ տարիներ շարունակ միայն զինվորական համազգեստո՞վ եմ տեսել հորս:

Ճակատագրի կամոք սահմանի, հայրենիքի, հայրենասիրության մասին իմ պատկերացումները ձևավորվել են զգացածիս հիման վրա: Չգիտեմ` ում համար ինչպես, բայց իմ հայրենիքն այստեղ սկսվում է սահմանից, որտեղ ես ապրում եմ: Այստեղ հրադադարներին մարդիկ ստեղծագործող, արարող, կառուցող են, իսկ թշնամու ոտնձգությունների ժամանակ ազգովի զինվոր են դառնում: Այստեղ բոլորը, անկախ իրենց զբաղվածությունից ու մտածելակերպից, գիտեն խաղաղության արժեքը:

Ու բոլորիս համար գերնպատակ խաղաղությանը ստորադասվում են անձնական ու կենցաղային բոլոր խնդիրները:

Այստեղ տանտիրոջ իրավունքով, տանտիրոջ գորովանքով ենք սիրում մեզնից ոչ հեռու ապրողների խաղաղ ու անվտանգ գոյության երաշխավորին` հայ զինվորին: Այն զինվորին, ով համազգեստ հագնելով ու զենքը ձեռքը վերցնելով` տղայից միանգամից վերածվում է հայրենիքի պաշտպանի… Զարմանալի չէ՞, արդյոք, որ չենք ընկրկում թշնամու ո՛չ մեծաթիվ լինելու, ո՛չ ավելի շատ ռազմատեխնիկա ու ռազմամթերք ունենալու, ո՛չ էլ` նրանց հավակնությունների առաջ: Սա քաջություն է, հպարտություն, կամք: Սա սեփական ուժի գիտակցում է, որ պիտի ունենանք բոլորս:

Երբեմն մեր գիշերներն աղավաղում են թշնամու ականանետերի լույսերն ու թնդանոթների ձայները, բայց գիտենք, որ առավոտյան պիտի դասի գնանք ու աշխատանքի շտապենք, ասես ոչինչ էլ չի եղել: Գիտենք, որ պիտի վաղվա օրվա նպատակներ ունենանք ու դրան հասնելու նախնական քայլերն անենք: Սա արդեն հերոսություն չէ՞, որ սահմանին ապրողը չի հիասթափվում, չի հուսահատվում, փախչելու փորձեր չի անում:


Ամիսներ հետո եղբայրս կզինվորագրվի հայրենիքի պաշտպանությանը` իմ ու բոլորիս հայրենիքի: Այս գիտակցումը սրտումս բացված վախի ու անհանգստության խորշերը հպարտությամբ է լցնում:
Ուզում եմ վարակել բոլորին այն համոզմունքով, որ աշխարհի ամենակարևոր ու ամենաթանկ մասը մեզանից ոչ հեռու գտնվող խրամատն է, որը պաշտպանում է երկրիս ամենախիզախ հայ զինվորը…Նաև հավատացած եմ, որ աշխարհի բոլոր քաղաքացիների մեջ ամենից շատ հայրենասերները հայրենիքի դարպասների մոտ ապրողներն են, անքուն գիշերներից հետո առավոտյան հանգիստ ընթացքով մանկապարտեզ, դպրոց ու աշխատանքի շտապող սովորական մարդիկ, բոլոր նրանք, ովքեր կառչած են այս հողին և իրենց կիսաքանդ օջախներին: Մարդիկ, ովքեր չեն քննադատում, ովքեր իրենց դժգոհությունները հայրենիքի նկատմամբ ատելության չեն վերածում, այլ հայրենիքն ընկալում են որպես արյամբ ներծծված մի տարածություն…

Քանի՜-քանի՜ նվիրյալ նահատակի երազանք մնաց այս հայրենիքը, իսկ որ ավելի սարսափելի է` քանի՜-քանի՜սն անհայտ կորած, անգերեզման, անճակատագիր մնացին` մի անդարման վերք բացելով իրենց որոնողների, իրենց սպասողների սրտերում…

Հեթանոս բազմաստվածներն անգամ այսքան զոհաբերություն չեն պահանջել… Այս հայրենիքն անգին է դարձել, անգնահատելի: Դա հստակորեն գիտակցելով` մեզանից յուրաքանչյուրը պիտի նախ և առաջ հայրենիքի պաշտպան լինի, հայրենիքի անվտանգության, բարօրության, առաջընթացի պաշտպան:

Այս դեպքում արդեն կարևոր չէ, թե մեր տուն-բնակավայրը Հայաստան կամ Արցախ աշխարհի որ կետում է գտնվում` «խոր թաքնված» մի բարեկեցիկ քաղաքում, թե՞ սովորական ինքնաձիգի ու տանկերի արկերին հասու սահմանագծին…
 
Նատաշա Պողոսյան 
Արցախի վաստակավոր մանկավարժ
 
Այս նյութը դիտել են - 2082 անգամ