«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ում խմորումները ոչ այնքան գաղափարական հողի վրա են, որքան միջանձնային։ Լավատեղյակ աղբյուրների վստահեցմամբ՝ ԲՀԿ շարքերն ընդվզում են կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի անձի դեմ, որը փորձում է իշխել այնպես, ինչպես Ծառուկյանը։
Արդյունքում ստեղծվել է մի վիճակ, երբ խորհրդարանական խմբակցությունը քիչ է ասել, թե կիսվել է։ Նաիրա Զոհրաբյանը մնացել է մի քանի համախոհների աջակցությամբ, որոնց հետ էլ նշել է կուսակցության կանանց Մարտի 8-ը Վարդան Վարդանյանին պատկանող «Լճեր» ռեստորանում։ Խնջույքին ընդամենը երեք պատգամավոր է մասնակցել՝ Վահե Էնֆիաջյանը, Լյովա Խաչատրյանն ու ինքը՝ Նաիրա Զոհրաբյանը։
Ի դեպ, Միքայել Մելքումյանը երեկ մեր հարցերին նույն պատասխանն էր տալիս, թե ԲՀԿ-ում ոչ մի խմորում չկա, առողջ մթնոլորտ է տիրում, ու կուսակցությանն արտահոսք չի սպառնում, իսկ տոնախմբությունից իր բացակայության վերաբերյալ էլ բացատրեց, որ քաղաքում չի եղել։
Այդուհանդերձ, մեր աղբյուրները պնդում են, որ ԲՀԿ-ից մոտ օրերս, հավանաբար, դուրս կգա Վահան Բաբայանը, որի քայլին կհետեւեն նաեւ ուրիշները, այդ թվում՝ Միքայել Մելքումյանը, որոնք դժգոհություններ ունեն կուսղեկավարից»:
Այս նյութը դիտել են - 1322 անգամ