Աշխարհի մի շարք երկրներում կանայք և աղջիկները դեռևս առնչվում են լիարժեք կրթություն, տնտեսական հնարավորություններ, քաղաքական մասնակցություն ստանալու, օրենքի առջև հավասարության և առողջապահության հասանելիության անհավասարությունների հետ: Մարդու իրավունքների և կանանց իրավունքների պաշտպանության կազմակերպությունների համար կանանց միջազգային օրը հնարավորություն է ստեղծում ևս մեկ անգամ անդրադառնալ սեռերի միջև անհավասարության խնդրին: “World Vision” ոչ շահութաբեր կազմակերպության գենդերային հարցերով ավագ խորհրդատու Եվա Ավագյանը «Ամերիկայի Ձայն»-ին պատմել է կանանց միջազգային օրվա այս տարվա թեմայի մասին:
“Նախ և առաջ շնորհավորում եմ բոլոր կանանց այս տոնի առթիվ: Այս տարի կանանց օրվա թեման է սեռերի հավասարությունը և կանանց ու աղջիկների դերի բարձրացումը: Դրա նպատակն է վերջ դնել կանանց և աղջիկների դեմ խտրականություններին և բռնություններին, ապահովել հավասար մասնակցություն և հնարավորություններ կյանքի բոլոր բնագավառներում”:
Եվայի խոսքերով, սեռերի անհավասարությունն ակնհայտ է տնտեսական և կրթության բնագավառներում:
Եվայի խոսքերով,- «Մինչ սեռերի անհավասարության դրսևորումները տարբեր են զանազան երկրներում, սեռի վրա հիմնված բռնությունները համատարած բնույթ են կրում: Յուրաքանչյուր 3 կանանցից առնվազն մեկը ենթարկվում է ֆիզիկական կամ սեռական բռնության»:
Գենդերային հարցերով ավագ խորհրդատու Եվա Ավագյանի խոսքերով, Հայաստանում սեռերի անհավասարության զգալի ցուցանիշ է նորածինների սեռերի անհամամասնությունը:
«Պտղի սեռի պատճառով հղիության ընդհատումը սեռերի հիման վրա կատարվող բռնությունների ամենասուր ձևերից մեկն է: Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ այս երևույթը տեղի է ունենում երեք հիմնական գործոնների պատճառով՝ տղա երեխա ունենալու նախապատվությունով, հղիության ընթացքում պտղի սեռը պարզելու համար անհրաժեշտ տեխնոլոգիայի գործածմամբ և երրորդը՝ ծնելիության նվազեցմամբ: Հայաստանում առկա են այս բոլոր գործոնները»:
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի պատվերով Փարիզի Բնակչության և զարգացման կենտրոնի կատարած հետազոտության տվյալներով, յուրաքանչյուր տարի հղիության սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների թիվը Հայաստանում հասնում է 1,400-ի: Եթե սեռերի անհամամասնությունը ներկայիս տեմպերով շարունակվի, ապա Հայաստանում 2060 թվականին 93,000 աղջիկ ծնված չի լինի: Նման ցուցանիշ ունեցող երկրներում այս գործընթացի հետևանքով աճել է ստիպողական մարմնավաճառությունը, ամուսնության կամ սեռական բավարարման նպատակով՝ թրաֆիքինգը, տղամարդկանց արտագաղթը և մարդու իրավունքների այլ խախտումներ:
Եվա Ավագյանի խոսքերով, այս գործողությունը կանգնեցնելու համար անհրաժեշտ է փոխել այն կարծրատիպերը, որ մայրերն ու կանայք տնային տնտեսուհիներն են, իսկ տղամարդիկ՝ տնից դուրս աշխատողներ: Նա նաև խոսում է այս հարցում տղամարդկանց դերի մասին:
«ԱՄՆ-ում իրականացված հետազոտությունը ցույց է տալիս, որ երբ տղամարդիկ ընդլայնում են տնային տնտեսության և երեխաների խնամքի հետ առնչվող իրենց պարտականությունները, երեխաները ավելի երջանիկ են, առողջ և դպրոցներում բարձր առաջադիմություն են ցուցաբերում»:
Հայաստանում սեռերի անհավասարությունը նվազեցնելու համար նաև անհրաժեշտ է կիրառել ՀՀ «Տղամարդկանց և Կանանց իրավունքների և հնարավորությունների հավասարության» օրենքը:
Այս նյութը դիտել են - 1720 անգամ