Վանյանին կփրկեն հալածանքներից...
2016-03-09 00:37:00

Գեորգի Վանյանին հիշու՞մ եք: Նա՝ ադրբեջանցիների սիրելի հայը, որ ոչ միայն եղբայրություն էր քարոզում, այլև «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոն» ՀԿ ուներ, ադրբեջանական ֆիլմերի փառատոներ էր կազմակերպում, պարբերաբար ծեծ էր ուտում դրա համար, իսկ հետ Բաքվի թերթերում փնովում էր Հայաստանն ու նրա բանակը: Հենց այդ Գեորգի Վանյանի մասին է խոսքը: Դուք երևի մոռացել եք, իսկ ահա գերմանացիները նրան հիշում են:


Ու ոչ միայն հիշում են: Westdeutsche Rundfunk գերմանական պարբերականը նրա մասին նույնիսկ հրապարակմամբ է հանդես եկել և շատ հետաքրքիր բաներ է ասել: Օրինակ, պարզվել է, որ Վանյանին ներառել են Բունդեսթագի «Խորհրդարանականներն աջակցում են խորհրդականներին» ծրագրում:

 

Բայց սա էլ դեռ բոլորը չէ: Համբուրգի քաղաքական հետապնդումների ենթարկվող անձանց աջակցության հիմնադրամի HSPV (Hamburger Stiftung für politisch Verfolgte) ֆինանսավորմամբ Վանյանը մեկ տարի կարող է հանգստանալ Գերմանիայում:


Իսկ ինչի՞ց պիտի հանգստանա հոգնած Վանյանը: Պարզվում է՝ անմարդկային հալածանքներից ու բռնություններից, որին նա ենթարկվել է բռնապետական Հայաստանում: Մեր երկրում նրա վաստակը չի գնահատվել, իսկ ահա գերմանացիները ոչ միայն կխոնարհվեն աննկուն այլախոհի ծառայությունների առաջ, այլև նվազագույնը մեկ տարի կարող են ապահովել վերջինիս անվտանգությունն իրենց փրկարար հողում:

 

Չի բացառվում, որ նույն ծրագրի շրջանակներում այնտեղ նաև ադրբեջանցիներ էլ լինեն: Եվ ուրեմն, Վանյանն իրեն կզգա հարազատ միջավայրում, կուշտ ու ապահով: Իսկ եթե խելքին փչի Գերմանիայում քաղաքական ապաստան խնդրել, դա ընդհանրապես հրաշալի կլինի: Գերմանացիք կստանան այն, ինչ ուզում էին, մենք կազատվենք նրանից, ինչ չէինք ուզում:

 

shame.am

Այս նյութը դիտել են - 1378 անգամ