Ռուսական Ռազմական սուրհանդակ պարբերականում բավական ուշագրավ, միաժամանակ մտահոգիչ շեշտադրումներով հոդված է հրապարակել ռուսաստանցի ռազմական փորձագետ, Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի տնօրենի տեղակալ Ալեքսանդր Խրամչիխինը: Չգիտես ինչու նա որոշել է դիտարկել հայկական բանակի պոտենցիալն ու Հայաստանի հնարավոր տեղը ռուս-թուրքական հավանական ռազմական բախման դեպքում:
Ընդ որում, Խրամչիխինի հոդվածն, անկախ բովանդակությունից, միայն վերնագրի համար իսկ պետք է արժանանա Հայաստանի իշխանության բողոքին, եւ Հայաստանի արտգործնախարարությունը պետք է պահանջի պատասխանատվություն հոդվածի վերնագրի համար. «Ֆորպոստ մի շարք հարցերով…», վերնագրվել է Խրամչիխինի հոդվածը:
Փաստորեն, հեղինակը կամ լրատվական ռուսական պարբերականը Հայաստանը հռչակում են Ռուսաստանի ֆորպոստ: Իհարկե դա նորություն էլ չէ, եւ առաջին անգամ այդ հասկացությունը օգտագործվեց դեռեւս 2004 թվականին, երբ Երեւան էր այցելել ՌԴ Պետդումայի ղեկավար Գրիզլովը:
Այդ ժամանակ արտահայտությունը առաջացրեց Հայաստանի հասարակության դժգոհությունը, սակայն պաշտոնական մասով Երեւանը մնաց լուռ, եւ նույնիսկ սկսեցին իշխանության ներկայացուցիչների շուրթերով Գրիզլովի արդարացումները: Մեծ է հավանականությունը, որ այս դեպքում էլ Երեւանը կմնա լուռ:
Մինչդեռ, ձայնի անհրաժեշտություն առաջացնում է ոչ միայն վերնագիրը, այլ բովանդակությունն առավել եւս, քանի որ ռուսաստանցի փորձագետը դիտարկում է ռուս-թուրքական հավանական ռազմական բախման դեպքում Հայաստանի դերակատարումն ու եզրակացնում, որ Հայաստանը չի կարող անմասն մնալ եւ չանցնել Ռուսաստանի կողմից կռվելուն:
«Հայաստանին կդիմակայի բազմակի ուժեղ հակառակորդ, ընդ որում նաեւ հյուսիսից՝ Ադրբեջանից սպառնալիքի առկայությամբ: Առաջանում է լիակատար ռազմական ջախջախման եւ օկուպացիայի վտանգ, եւ բնականաբար, Ղարաբաղի անդառնալի կորստով: Մյուս կողմից, ուղղակի մասնակցելով Ռուսաստանի կողմից, Երեւանը ստանում է նրա իրական, եւ ոչ թե միայն խոսքով դաշնակցի վարկ, դրա հետ մեկտեղ լավ հնարավորություն է ստանում ազատվել գլխավոր սպառնալիքից /թուրքական/ նվազագույնը երկար ժամանակով: Ավելին, Թուրքիայի լուրջ ռազմական պարտության դեպքում Բաքուն տեսանելի ապագայում անկասկած չի համարձակվի գնալ Ղարաբաղի խնդրի ռազմական լուծման: Ընտրությունը Երեւանի համար կլինի չափազանց բարդ, բայց խուսափել դրանից չի հաջողվի», եզրակացնում է ռուսաստանցի փորձագետը:
Թե ինչու է նա որոշել անդրադառնալ ռուս-թուրքական բախման համատեքստում Հայաստանի ներգրավմանը, դա համարելով անխուսափելի, մնում է միայն գուշակել: Արդյոք դա զուտ փորձագիտական հետաքրքրություն է, թե՞ Խրամչիխինի հոդվածով պաշտոնական Ռուսաստանը փորձում է շոշափել որոշակի տրամադրություններ, ոտքի տակի հող շոշափել Հայաստանում:
Հատկանշական է, որ այդ հոդվածը լույս է տեսնում մարտի 9-ին, երբ Հայաստանի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարները մեկնում են Բրյուսել Հայաստան +28 ձեւաչափով ՆԱՏՕ հետ երկկողմ հարաբերության հերթական քննարկումների: Միաժամանակ, հայտնի է դարձել, որ մարտի 10-ին էլ Սերժ Սարգսյանն է մեկնում Մոսկվա՝ հայ-ռուսական երկկողմ հարաբերության հարցեր քննարկելու համար, ինչպես ռուսական մեկ այլ պարբերականի՝ Կոմերսանտին ասել էր Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանը:
Հատկանշական է, որ փորձագետ Խրամչիխինը դիտարկում է ռուս-թուրքական բախման դեպքում 102-րդ ռազմակայանի մասնակցության հարցը, հենց այդ համատեքստում շոշափելով Հայաստանի անխուսափելի ներգրավման հեռանկարը, իսկ ահա ՆԱՏՕ ներգրավման մասին լռում է: Մինչդեռ, նկարագրված մասշտաբով ռուս-թուրքական բախումը նշանակելու է ՆԱՏՕ-Ռուսաստան բախում: Հետեւաբար, խոսք կարող է գնալ ոչ թե Թուրքիային, այլ ՆԱՏՕ-ն «պարտության» մատնելու մասին: Կարո՞ղ է Ռուսաստանը ՆԱՏՕ-ն մատնել պարտության: Համենայն դեպս, համեմատությունը մեղմ ասած Ռուսաստանի օգտին չէ: Այստեղ իհարկե քննարկումները խիստ հիպոթետիկ են, քանի որ ՆԱՏՕ-Ռուսաստան ուղիղ բախումը ուղղակի կարող է հանգեցնել աներեւակայելի աղետի, ընդհուպ միջուկային պատերազմի:
Բայց, բոլոր դեպքերում, գործնականում անկասկած է, որ եթե Հայաստանը ներգրավվի ռուս-թուրքական բախման մեջ, ապա անկախ որեւէ ելքից Հայաստանը պարզապես կավերվի: Հետեւաբար, Հայաստանը ռուս-թուրքական բախման գոտու վերածելու որեւէ փորձ Հայաստանի համար չի կարող նույնիսկ քննարկման առարկա լինել եւ պետք է մերժվի միարժեք: Դրա քննարկման փորձն ինքնին հավասարազոր է ազգային անվտանգության դեմ կատարվող ոտնձգության: