ԱՆՇԱ՛Հ ՈՒՍՈՒՑՉՈՒՀԻ, ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՁԵԶ...2016-03-09 09:06:00
Օրեր առաջ էր: Աշակերտների հետ վերջին օրերի միջոցառումներից էինք խոսում, նորից նրանց ուշադրությունը սևեռվեց մեր համերկրացի արձակագիր Լևոն Ադյանի «Հեռացող եզերք» գրքի քննարկմանը: Մի տեսակ լարված և շատ ուշադիր լսում էին:
Իմ զրույցից հետո անխոս հայացքներ եմ նկատում, կարծես ուզում են նորից լսել: Լռությունը խախտում եմ ես. «Ինչ եք զգում այս պահին»: Անհասկանալի շարժ նկատվեց դասարանում, յուրաքանչյուրը յուրովի մտքերի մեջ ընկավ, բայց ուշադրությանս արժանացավ այս մեկը, որ ասված էր հոգով, սրտի անկեղծ թելադրանքով. «Շնորհակալ եմ Ձեզ, տիկի՛ն Պողոսյան, որ այս օրերին պատմեցիք մեզ մի մարդու մասին, որի նկատմամբ կյանքը դաժան է եղել և իր ստեղծագործություններով սիրված է բոլորի կողմից: Ես չեմ տեսել իրեն, բայց ընդունում եմ նրան իմ Պապիկի պես»:
Ընդհատում եմ ընթերցումս, ուշադիր նայում աշակերտիս, հոգիս բերկրանքով է լցվում, այդ պահին աշակերտների այս ու այն կողմից լսվող ձայներն եմ լսում...Իմ սաստող հայացքը նրանց լռեցնում է, բայց րոպե առաջ ուզում եմ կարդալ մյուս տողերը. «Ես ինձ հանգիստ եմ զգում Ձեր դասերին, զգում եմ հոգու հանգստություն, անսահման պարզություն եմ տեսնում: Անշա՛հ ուսուցչուհի, Ձեր նման երկուսը կան իմ կյանքում` Աստծված և մայրս: Ես սիրում եմ Ձեզ, տիկի՛ն Պողոսյան»:
Անսահման սիրով նայում եմ նրան, ուզում եմ ինչ-որ խոսքեր մրմնջալ, կարծես չի ստացվում, բայց լռության մեջ գրկում եմ նրան, որ այսքան անկեղծ խոսքեր ասաց ինձ:
Հաջորդ օրը այդ դասարանում հայացքս ուղղում եմ դեպի նա, ուշադիր նայում է ինձ, իսկ ես, գուցե և զարմանալի դասարանի մյուս աշակերտների համար, նրան շնորհակալություն եմ հայտնում: Բոլորն ուշադիր նայում են մեզ, իսկ նա` ձեռքերը դրած նստարանին, ուղիղ կեցվածքով նստած, հանկարծ բարձրաձայնում է. Ես երեկ ճիշտ եմ ասել, տիկի՛ն Պողոսյան, շատ անկեղծ, իրոք, սիրում եմ Ձեզ...
«Ինչքա~ն լավ է, որ ես ուսուցչուհի եմ, և նա սիրում է ինձ»,- ներքուստ մտորում եմ ես... Նույնքան լավ է, որ ես 5-րդ դասարանում արտասվել եմ, երբ «Գիքոր» եմ ընթերցել: Այո՛, շատ լավ է, որ այդ օրվանից էլ որոշել եմ ուսուցչուհի դառնալ, և ինչքան շատ բաներ կան, որ ինձ ուսուցչուհի են դարձրել...
Նատաշա Պողոսյան,
Արցախի վաստակավոր մանկավարժ
Այս նյութը դիտել են - 1998 անգամ