«Հայկական վերածնունդ» կուսակցության կառավարման խորհրդի մարտի 7-ին կայացած նիստում քննարկվել են ս.թ. ապրիլի 17-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի համայնքի ղեկավարի ընտրություններին վերաբերող հարցեր:
Կառավարման խորհուրդը միաձայն որոշում է կայացրել մասնակցել Հրազդան քաղաքի համայնքի ղեկավարի ընտրություններին՝ քաղաքապետի թեկնածու առաջադրելով ՀՎԿ կառավարման խորհրդի անդամ և կուսակցության Կոտայքի մարզի համակարգող նախագահ Արթուր Միսակյանին:
Արթուր Միսակյանը իր ընտրվելու հավանականությունը շատ բարձր է գնահատում: Այդ մասին նա նշեց Հայելի.am-ի թղթակցի հետ զրույցում:
«Ես լրջագույն հաջողություններ եմ արձանագրել իմ անձնական շփումների ընթացքում: Հրազդանում հազարավոր մարդկանց հետ ամեն օր զրուցում եմ և հաշվի առնելով իմ անցած ճանապարհը, իմ ռեսուրսները, իմ փորձն ու գիտելիքները վստահում եմ իմ ուժերին: Համադրելով թվարկածս հատկանիշները`եզրահանգել եմ, որ հաղթելու ռեալ հնարավորություն ունեմ և գնալու եմ իմ հաղթանակի հետևից »,-ընդգծեց Արթուր Միսակյանը, ով եղել է նաև ՕԵԿ խոսնակը:
Նշենք, որ Արթուր Միսակյանը Հրազդանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած 3-րդ թեկնածուն է, առաջադրվելու մասին հայտարարել էր նաեւ գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը:
Հարցին, թե՞ դժվար չի լինի պայքարը նախկին քաղաքապետի (Սասուն Միքայելյան) և գործող քաղաքապետի(Արամ Դանիելյան) հետ Միսակյանը արձագանքեց .
«Օրինաչափ է ամեն բան: Ես կպայքարեմ հաղթելու համար: Շուտով կհրապարակվի նաև իմ կարգախոսը: Հրազդանում կան բազմաթիվ խնդիրներ և ես տիրապետում եմ այդ խնդիրների լուծման բանաձևերին:
Շատ լավ գիտեմ քաղաքապետ դառնալու դեպքում որտեղից եմ սկսելու և քայլերի մտածված հաջորդականությամբ ինչպիսի արդյունքներ եմ գրանցելու: Հրազդանցին իր որոշումը կկայացնի քարոզարշավի ընթացքում` ծանոթանալով թեկանծուների առաջ քաշած մոտեցումներին և բոլորի անցած ճանապարհն:
Մնացածը պարզ կդառնա շատ շուտով»,-եզրափակեց Արթուր Միսակյանը:
Աստղիկ Ավագյան
hayeli.am
Այս նյութը դիտել են - 1318 անգամ