Վաղը Սերժ Սարգսյանը մեկնում է Մոսկվա՝ քննարկելու ղարաբաղյան հարցը: Այդ մասին գրել է ռուսական Կոմերսանտ թերթը, որը զրուցել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Լրագրողի հարցերը տարօրինակ կերպով են կազմված. զուգահեռ երկու թեմա է ընթանում՝ ղարաբաղյան կարգավորումը եւ Ռուսաստանի դերը դրանում, ինչպես նաեւ ԵՄ արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի այցը Երեւան: Այնպիսի տպավորություն է, որ լրագրողը փորձում է «նախազգուշացնել», որ Մոսկվան կարող է պատժել Հայաստանին Արեւմուտքի հետ քաղաքական երկխոսության վերսկսման համար:
Հատկանշական է, որ այսօր Էդվարդ Նալբանդյանը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ միասին Բրյուսելում «ՆԱՏՕ-Հայաստան» խորհրդակցության շրջանակում հանդիպելու է ՆԱՏՕ-ի հրամանատարության հետ: Երեւի պատահական չէ, որ այդ այցից առաջ Նալբանդյանը ռուսական թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանի դաշնակիցը միայն Ռուսաստանն է եւ ուրիշ ոչ ոք: Նալբանդյանն ասել է, որ այդ մասին ասել է Մոգերինիին:
Հայաստանում վերջին ժամանակներս սկսել են գրեթե բաց տեքստով հայտարարել, որ չեն ցանկանում միջամտել ռուս-թուրքական հակամարտությանը: Միեւնույն ժամանակ, Հայաստանում գնալով ավելի շատ է խոսվում անվտանգության միջազգային երաշխիքների անհրաժեշտության մասին, որը կարող է ապահովել հյուսիսատլանտյան դաշինքը: Չնայած հայտարարվում է, որ խոսք լինել չի կարող ՆԱՏՕ-ին Հայաստանի անդամակցության մասին, սակայն Հայաստանի ու Դաշինքի համագործակցությունը, ըստ երեւույթին, նյարդայնացնում է Ռուսաստանին:
Չի բացառվում, որ Պուտինը վաղը հենց այդ համատեքստում է զրուցելու Սարգսյանի հետ: Ռուսաստանը ղարաբաղյան խնդիրը երկար տարիներ օգտագործում է Հայաստանը ռուս-թուրքական (եվրասիական) համակարգում պահելու համար, եւ այդ համակարգը ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի հետ համագործակցությամբ լրացնելու փորձերն առաջին պլան են բերում հայերի համար զգայուն Ղարաբաղի հարցը:
Օրերս ամերիկյան Ջորջիա նահանգը ճանաչել է Ղարաբաղի անկախությունը: Այն ամերիկյան 6-րդ նահանգն է, որ արել է այդ քայլը: Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը բազմանշանակ հայտարարել է, որ այս տարի ճանաչման գործընթացը կարող է շարունակվել ամենաանսպասելի տեղերում: Չի կարելի է բացառել, որ Ռուսաստանը կարող է նման քայլ անել, որպեսզի իր ձեռքում պահի ղարաբաղյան կարգավորումը: Ի դեպ, ամերիկյան նահանգները Ղարաբաղը ճանաչում են առանց նրա սահմանները նշելու:
Հատկանշական է, որ Պուտինը Սարգսյանին Երեւան է հրավիրել Իլհամ Ալիեւի հետ 2 հեռախոսազրույցից ու Դմիտրի Ռոգոզինի եւ Գրիգորի Կարասինի Ադրբեջան կատարած «հաջող» այցերից հետո:
Մի՞թե Ղարաբաղի ճակատագիրը Մոսկվայում է լուծվելու «մի գիշերվա ընթացքում», ինչպես լուծվեց Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության հարցը:
Այս նյութը դիտել են - 1288 անգամ