«Բոլորին չեք կարող բանտարկել, լավ հիշեք», - Ուկրաինայում ազատության խորհրդանիշ դարձած Ուկրաինայի բանակի սպա Նադյա Սավչենկոն, ելույթ ունենալով դատարանում, Ռուսաստանին իշխանափոխություն է խոստացել.
«Պուտինին չի հաջողվի մարդկանց արյան գնով պահել իշխանությունը: Դա բնության դեմ է, մարդկանց, Աստծո դեմ է, դեմ է աշխարհում ամեն ինչին: Իմ օրինակով կարող եմ միայն ցույց տալ, որ Ռուսաստանն իր ամբողջ տոտալիտար համակարգով հնարավոր է ոլորել եղջյուրի նման»:
Ուկրաինայի բանակի սպա Նադյա Սավչենկոն Ռուսաստանի կողմից մեղադրվում է Ուկրաինայի տարածքում ռազմական գործողություններում մասնակցելու մեջ: Ըստ ռուսական ուժայինների, Սավչենկոն օգնել է կրակ արձակել զինյալների դեմ, որոնց կողքին գտնվել է զոհված երկու ռուսական լրագրող: Ի բողոք իր դեմ արվող անօրինականությունների, Սավչենկոն անժամկետ չոր հացադուլ է հայտարարել, հրաժարվելով ոչ միայն սնունդից, այլեւ՝ ջրից:
Պաշտպանների խոսքով, գործում գտնված մի քանի հանգամանքներ ցույց են տալիս, որ Սավչենկոն լրագրողների մահվան պատճառ հանդիսացող հրետանու կրակից մեկ ժամ առաջ արդեն ձերբակալվել էր Դոմբասի զինյալների կողմից:
Ամբողջ Ուրկաինայով մեկ անցել են Նադյա Սավչենկոյին հայրենիք վերադարձնելու պահանջներով հանրահավաքներ: Քաղաքական գործիչ Յուլիա Տիմոշենկոյի խոսքով, այժմ Նադյա Սավչենկոյի կյանքի փրկությունը Արեւմուտքի առաջնորդների եւ Ուկրաինայի քաղաքացիների ձեռքում է.
«Ժողովրդավարական, Արեւմտյան երկրների առաջնորդները պետք է Պուտինի վրա բոլոր հնարավոր միջոցներով ճնշում գործադրեն, իսկ այստեղ հավաքված մարդկանցից յուրաքանչյուրն իր ձայնն է ավելացնում այդ ճնշման նժարի վրա»:
Նադյա Սավչենկոյին ազատ արձակելու կոչով մարդիկ ցույցերի էին դուրս եկել աշխարհով մեկ, այդ թվում նաեւ Հայաստանի մայրաքաղաք Երեւանում՝ Ռուսաստանի դեսպանատան առջեւ:
Մեկնաբանելով ստեղծված իրավիճակը, ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին կոչ էր արել Ռուսաստանի Դաշնությանն «անմիջապես Սավչենկոյին ազատ արձակել եւ նրան Ուկրաինա վերադարձնել»:
ԱՄՆ-ի Սենատի արտաքին հանձնաժողովի նախագահ Ջոն Մաքքեյնը քննադատել է Միացյալ Նահանգների գործադիր իշխանությանն Կիեւին ոչ բավարար աջակցության համար.
«Մեր աչքի առաջ առաջին անգամ 70 տարվա ընթացքում Եվրոպայի պետություններից մեկը մասնատում են, իսկ Միացյալ Նահանգները նույնիսկ հրաժարվում է ուկրաինացիներին զենք վաճառել, որպեսզի նրանք պաշտպանեն իրենց»:
Ինչ վերաբերում է Ռուսական դատարանին ուղղված իր վերջին խոսքին, ապա այն Սավչենկոն արտահայտեց կարճ եւ պարզ:
Այս նյութը դիտել են - 1224 անգամ