Մոսկվա այցից առաջ Սերժ Սարգսյանն այցելել է արցախյան ազատամարտի հերոս Վարդան Ստեփանյանի (Դուշման Վարդան) տուն-թանգարանը: «Իր կարգապահությամբ ու խիզախությամբ նա օրինակ էր իր զինակից ընկերների համար դեռ կյանքի օրոք: Նրա անցած մարտական ուղին փառավոր է, ինչպես ուղին մեր ողջ բանակի, որի կազմավորման ակունքներում նաև Դուշման Վարդանն էր ու իր նմանները», թանգարանի մատյանում գրել է Սերժ Սարգսյանը:
Լավ է, որ մոսկովյան այցից առաջ Սերժ Սարգսյանը ոչ թե ինչ որ «էլիտար» հարսանիքի կամ եկեղեցու բացման է մասնակցում, այլ այցելում է հերոսի տուն-թանգարան:
Այս այցը խորհրդանշական է մի շարք առումներով: Ընդհանրապես, վերջին տարիներին ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների այցերը Ռուսաստան Հայաստանում լուրջ ու հիմնավոր մտահոգությունների տեղիք են տալիս: Սովորաբար, այդ այցերն ավարտվում են Հայաստանի համար ծանր արդյունքներով: Ռուսաստանը Հայաստանի հանդեպ վարում է բացահայտ շանտաժի ու սպառնալիքների քաղաքականություն, որն այլ կերպ, քան թշնամական, դժվար է բնութագրել:
Բացառություն չէ նաեւ այս այցը, որի նախօրեին տեղի ունեցան երկու «ավանդական» իրադարձություններ՝ Ադրբեջանը դիվերսիայի փորձ արեց սահմանին, իսկ ռուսական մամուլում էլ հրապարակվեց հերթական ստոր հոդվածը: Այն վերաբերվում է հայկական բանակին, գաղտնի տվյալներ են հրապարակված մեր բանակի մասին եւ գնահատված է նրա պոտենցիալը ռուս-թուրքական հնարավոր բախման պարագայում: Դրանց նպատակն ակնհայտորեն մոսկովյան բանակցությունից առաջ ճնշում գործադրելու փորձ է:
Մոսկվան ավելի ու ավելի է բացահայտում իր թշնամական վերաբերմունքը Հայաստանին: Այցից առաջ հայկական փորձագիտական շրջանակներում մտահոգություններ կան, որ Մոսկվան փորձելու է հարկադրել Հայաստանին տարածքային զիջումների՝ հանուն Ադրբեջանի հետ իր ռազմական առեւտրի: Վերջին շրջանում Բաքուն հրաժարվում էր վճարել ռուսական զենքի դիմաց, եւ Սերժ Սարգսյանի այցի նախօրեին տեղեկություն է տարածվել, որ ռուս-ադրբեջանական համաձայնությունը կայացել է: Ինչի՞ հաշվին:
Ռուսները թուրքերի հետ ավանդաբար համաձայնության են հասնում հայերի ու Հայաստանի հաշվին: Ադրբեջանի հետ հասան, հիմա Թուրքիայի ժամանակն է: Եվ զուր չէ, որ հիմա «գնահատվում» է հայկական բանակի պոտենցիալը. Թուրքիայի հետ հարաբերությունը հասել է մի վիճակի, երբ հաշտության համար անհրաժեշտ է «լոկալ» բախում»: Մնացյալ միջոցները՝ դիվանագիտական, տնտեսական եւ այլն, սպառված են: Եվ այդ բախման «միսը» պետք է դառնան հայերը, ըստ ավանդույթի:
Հայերը մի անգամ ջարդեցին այս սխեման՝ Արցախյան առաջին պատերազմում: Վարդանը եւ նրա նմաններն անհավասար մարտում հաղթեցին մեծ ու փոքր երկու կայսրության, որովհետեւ այլ գիտակցություն ու այլ երազանք ունեցող մարդիկ էին: Այդ հաղթանակը մնացել է ռուս-թուրքական հրեշի կոկորդին, եւ երկու կայսրություն փլուզելով՝ դեռ պահպանել է այդ հրեշին վերջնականապես տապալելու պոտենցիալը:
Վարդանի մայրը լրագրողներին պատմել է, որ երբ Սերժ Սարգսյանը լսել է նրա զոհվելու լուրը, լացել է: Շատերը զոհվեցին՝ աննման տղերք, որոնք իրականացրին անհնար թվացողը, մի բան, որին հայ հանրությունը հավաքական առումով այդպես էլ չհավատաց, ցավոք, այդ հաղթանակի կրողը չդարձավ ու իր հերոսների փոխարեն շարունակում է հավատալ այլոց պարտադրած նվաստացուցիչ առասպելներին:
Լավ է, որ Մոսկվայի այցի նախօրեին Սերժ Սարգսյանն այցելել է Դուշման Վարդանի տուն թանգարան: Մեր երկրի դուշմաններին դիմակայելու համար դա լավ լիցքեր կտա:
Այս նյութը դիտել են - 1505 անգամ