Լևոն Մարտիրոսյանը՝ ընդդիմության բարի հրեշտակ....
2016-03-10 09:38:00

 КВН-շչիկ Գարիկի եղբայրը՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը, պարզվում է, ոչ պակաս հումորի զգացում ունի, քան իր հանրահայտ եղբայրը, միայն թե, ի տարբերություն Գարիկի, Լևոնն իր ելույթների համար այլ կարգի բեմեր է ընտրում, գերազանցապես՝ քաղաքական: Եվ ահա այս նորահայտ երգիծաբանն այսօր հայտարարել է, թե պատգամավորության իր չորս տարիների ընթացքում ինչ արել է՝ արել է ընդդիմության համար: 
Մասնավորապես, նա նշել է, որ անցած չորս տարվա ընթացքում ընդդիմությունը մշտապես պահանջում էր անցում կատարել խորհրդարանական կառավարման և 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի։ Եվ ահա Մարտիրոսյանին ու իր ընկերներին ուրիշ ոչինչ չի մնացել, քան կատարել քաղաքական մրցակիցների վաղեմի բաղձանքը՝ փոխզիջման գնալ՝ նրանց սրտի ուզածն անելու համար:

Պատասխանից ապշահար լրագրողները ստիպված էին մեկ անգամ ևս հարցը կրկնել՝ «Վստա՞հ եք, որ հանուն ընդդիմության եք գնացել այս քայլին», ինչին Մարտիրոսյանը միանգամայն ինքնավստահ պատասխանել է՝ այո։ Սակայն պարզվել է, որ սա դեռ ամբողջը չէ: Դեռ քանի-քանի մեծ ու փոքր լավություններ է արել Լևոն Մարտիրոսյանն իր կուսակիցների հետ, որքան դռներ է բացել ընդդիմության պահանջների առաջ, միայն թե սրանք երախտամոռ ու անշնորհակալ ուժեր են, այդպես էլ չեն կարողացել ըստ արժանվույն գնահատել զոհաբերությունները: 
«Սահմանադրական փոփոխությունների փաթեթում ամրագրված են բազմաթիվ դրույթներ, որոնք ընդդիմությանը, այսինքն՝ քաղաքական ուժերին լայն հնարավորություններ են տալիս։ Սա լավ է, ես չեմ ասում՝ սա վատ է։ Վատ է այն, որ այս պահանջն ընդունվել է, այս փոխզիջումն արվել է, և հիմա որևէ մեկը սրա տերը չի, բոլորը հիմա բողոքում են ընտրական օրենսգրքի նախագծից, որը բխում է Սահմանադրությունից»։

Ցավոք, միշտ էլ այդպես է, ոչ մի լավ բան անպատիժ չի մնում: Ու Մարտիրոսյան Լևոնն այժմ հույս ունի, որ իր ջանքերը կգնահատեն գոնե գալիք սերունդները: Ապագա Հայաստանի ընդդիմությունը, թերևս, ավելի մեծահոգի լինի և ավելի սուր հումորի զգացում ունենա, քան այսօրվանն է:
shame.am
Այս նյութը դիտել են - 1547 անգամ