«Վիկիլիքսի» կողմից հրապարակված սույն փաստաթուղթը ներկայացնում է 2004թ. նոյեմբերի 18-ին ՀՀ-ում ԱՄՆ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Էվանսի եւ այնժամ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հանդիպման մանրամասները:
Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են բազմաթիվ հարցեր: Սերժ Սարգսյանը կարեւոր բացահայտում է արել` պնդելով, որ ինքը բավականին մտերիմ հարաբերություններ ունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, եւ վերջինս էլ ժամանակին առաջարկել էր ռուսական կողմի աջակցությունը 1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչության հետաքննության հարցում:
ՀՀ Պնախարարի ու ամերիկյան դիվանագետի միջեւ կայացած հանդիպումը տեւել է մոտ երկու ժամ, որի ընթացքում Սերժ Սարգսյանը հանդես է եկել մի շարք կարեւոր մեսիջներով: Սարգսյանը ամերիկացիների հետ համագործակցությունը կարեւորող գործչի տպավորություն է ստեղծել` անդրադառնալով Իրաքում հայկական խաղաղապահ ուժեր ուղարկելու հանգամանքին: Ըստ նրա՝ Հայաստանը, Իրաքում միջազգային կոալիցիային միանալով, հանդես է գալիս բացառապես իր շահերից:
Սարգսյանը պնդում է, որ Հայաստանն ընդդիմանում է տեռորիզմին եւ իսլամական ծայրահեղականությանը, եւ հատկապես Վրաստանի ու Ադրբեջանի մասնակցության պարագայում ինչպես կարող է Հայաստանը անմասն նմալ: Սերժ Սարգսյանը հավելել է, որ եթե իր ցանկությամբ լիներ, Հայաստանն ավելի մեծ մասնակցություն կունենար խաղաղապահ առաքելությանը, սակայն մի շարք օբյեկտիվ պատճառներով դա անհնար է:
Սերժ Սարգսյանի համոզմամբ` Հայաստանը չունի բավարար թվով պատրաստված անձնակազմ, եւ երկրորդ հերթին էլ մեր երկիրն ինքն է մի ոտքով պատերազմի մեջ Լեռնային Ղարաբաղում: Վերջապես, Իրաքում խաղաղարար առաքելության համար վարձավճարը հինգ անգամ ավելի բարձր է, քան Հայաստանի սահմանները պահելու համար նախատեսված վճարը: Սարգսյանը նշել է, որ ԱԺ-ում ինքը հարց է բարձրացրել մեծացնել պաշտպանության համար նախատեսված ծախսերը, ինչը խնդիրներ է առաջացնում առաջնակարգ զինտեխնիկա ձեռք բերելու համար:
Հավանաբար 12 տարի անց Սերժ Սարգսյանին այլեւս նոր զինտեխնիկա պետք չէ, քանզի այլ կերպ չես կարող բացատրել ռազմական ծախսերի աստիճանական կրճատումը եւ դրա փոխարեն ոստիկանության ֆինանսավորման ավելացումը:
Ի դեպ, Սարգսյանի մտահոգությունը, թե հայաստանյան զինված ուժերը 5 անգամ պակաս են վարձատրվում, միանգամայն տեղին է նաեւ այսօր: Միթե ոստիկանության շարունակական ուռճացումը մտահոգիչ հանգամանք չէ, երբ երկրում արտագաղթը գնալով ուժգնանում է` անմիջականորեն ազդելով բանակի համալրման վրա: Վերջապես, ընդդիմությանը ջախջախելու մոլուցքը հաղթահարելով` կարելի է բանակը արհեստավարժ դարձնելու լրջագույն ռեֆորմներ իրականացնել` զգալիորեն բարձրացնելով պայմանագրայինների աշխատավարձը եւ որոշակի ֆինանսական հատկացումներ անելով՝ նաեւ պարտադիր զորակոչայիններին:
Հենց այստեղ է դրսեւորվում իշխանության գործունեության իրական գնահատականը, երբ Սերժ Սարգսյանի` 12 տարի առաջ բարձրացրած հարցերը ոչ միայն արդիական են, այլեւ դրանցում բացասական միտումներն էլ ավելի են խորանում: Իսկ Սարգսյանը դեռ զբաղված է ՕԵԿ-ով, «հակահեղափոխական» Դաշնակցությամբ եւ Վարդգես Գասպարիի խոշտանգումներով:
Անդրադարձ կատարելով հայ-ռուսական հարաբերությունների խնդրին` Սերժ Սարգսյանը նկատել է, որ Ռուսաստանն իսկապես Հայաստանի ավանդական գործընկերն է: Սակայն Սերժ Սարգսյանը հաշվի է առել, որ ինքը զրուցում է ամերիկյան դեսպանի հետ, ուստի անմիջապես հավելել է, որ Ռուսաստանի ավանդական դաշնակցությունը, այնուամենայնիվ, չի կարող լուծել Հայաստանի անվտանգության բոլոր խնդիրները:
Սարգսյանը փորձել է աշխարհաքաղաքական ասպարեզ դուրս գալ` շեշտելով, որ Հայաստանը մշտապես շահել է հատկապես Ռուսաստան-ԱՄՆ բարիդրացիական հարաբերություններից: Դեսպան Էվանսը ԱՄՆ Պետդեպի ուշադրությունն է հրավիրում Սերժ Սարգսյանի անցած ճանապարհի վրա: Վերջինս դիվանագետին հայտնել էր, որ ինքը բավականին քաջածանոթ է ՌԴ նախագահին դեռեւս ՀՀ ազգային անվտանգության նախարար եղած տարիներից: Սարգսյանի հավելմամբ` իրենց փոխգործակցությունը մեկնարկել է Պուտինի` ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության ղեկավարման օրերից:
Սարգսյանը մանրամասնել է, որ նվազագույնը երկու հանդիպում է եղել պատվիրակությունների մակարդակով այդ տարիներին, եւ հատկապես Սանկտ Պետերբուրգի հանդիպման ժամանակ, Սարգսյանի բառերով՝ Պուտինը բավականին ջերմ է եղել, անգամ գրկախառնվել է իր հետ: Սարգսյանն ավելի է անկեղծացել` հայտնելով, որ Վլադիմիր Պուտինը Հայաստանի իշխանություններին առաջարկել է օգնել Հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետաքննության հարցում, ինչին, սակայն, հայկական կողմը չի համաձայնել:
Եթե սույն զեկուցագիրը հրապարակված լիներ հենց ստեղծման օրերին, առնվազն տարակուսելի կլիներ ՀՀ Պնախարարի հրճվանքը Վ. Պուտինի գրկախառնության կապակցությամբ: Սակայն այսօր, հատկապես 2008թ. նախագահական ընտրություններում Պուտինի ցույց տված աջակցության պայմաններում, ինչի համար Սերժ Սարգսյանը վերջինիս նվազագունը 5 անգամ շնորհակալություն հայտնեց 2008թ. մարտի 24-ին, ամեն ինչ հասկանալի է:
Խիստ ուշագրավ է այն, որ իշխանությունները նախընտրել էին չօգտվել ՌԴ աջակցությունից հետաքննության հարցում` ի հեճուկս նրա, որ ոճրագործությունից րոպեներ անց «ոգեւորությամբ» օգտվել էին «Ալֆա» ջոկատի աջակցությունից: Միով բանիվ, այսօր է միայն պարզվում, որ ՌԴ իշխանությունները պատրաստ են եղել ներգրավվելու 27-ի բացահայտման գործին:
Դա Հայաստանի ներքին գործը համարելով հանդերձ` պետք է նկատենք, որ ցայսօր գործը մինչեւ վերջ բացահայտված չէ, թեեւ ըստ Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանի` Սերժ Սարգսյանը գիտի, թե ովքեր են կազմակերպիչները: Ն. Հովսեփյան
armlur.am
Այս նյութը դիտել են - 3869 անգամ