Ինչպես հայտնի է՝ «Արմենիա» ավիաընկերության բաժնետոմսերի գլխավոր փաթեթը՝ 51 տոկոսը, պատկանում է գյումրեցի ատամնատեխնիկ Աշոտ Թորոսյանին: Չնայած վերջինս պնդում է, որ իր անունը որեւէ օլիգարխ, պաշտոնյա, այդ թվում վարչապետի որդին չի օգտագործել, այսինքն իրական տերն ինքն է ու ոչ նրանք, սակայն Գյումրիում նրան ճանաչողներն ու նրա հետ գործ անողները թերահավատորեն են վերաբերում այս խոսքերին: Գյումրեցիների ասելով, Աշոտ Թորոսյանը տարբեր ատամնաբույժների հետ գործ անող ատամնատեխնիկ է, որն ապրում է բավական համեստ միջոցներով, երբեմն պարտքերով, ինչպես որ այդ ոլորտում ամեն մի գործ անող գյումրեցի: Թորոսյանը, ըստ նրան ճանաչողների, հազիվ կարողացել է «Մերսեդես» մակնիշի մեքենա գնել, Երեւանի բժշկական համալսարանում ուսանող երեխա է պահում : Նա բնակվում է Գյումրու թիվ 19 դպրոցի, «Կուկլի» գործարանի մոտակայքում գտնվող տնակում, որը, սակայն, նորմալ սարքված է ապրելու համար: Ատամնատեխնիկի շրջապատի մարդկանց ասելով՝ Աշոտ Թորոսյանը մեծահարուստ բարեկամներ ունի Վրաստանում: Ըստ նրանց, լսելով, որ «Արմենիա» ավիաընկերության բաժնետերերի ցանկում նաեւ վրացի կա՝ (Թամազ Գայաշվիլին՝վրացական Airzena ավիաընկերության հիմնադիրը -Ա.Ն.) այս առումով չեն զարմացել, որ Աշոտ Թորոսյանը դարձել է ավիաընկերության գլխավոր փաթեթի բաժնետեր: Այլապես, ըստ նրանց աբսուրդ է, որ Աշոտ Թորոսյանն այնքան ֆինանսական միջոցներ ունենար, որ կարողանար ավիաընկերությունում ներդրումներ անել: Նրա շրջապատի մարդիկ միայն թե անհանգստացած էին, թե հանկարծ «Արմենիա» ավիաընկերությունը «Արմավիայի» ու «Էյր Արմենիայի» օրը չընկնի ու Աշոտ Թորոսյանին վնաս լինի:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ / 168.am