Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, որ գիշերներն աչք չի փակում իր պատմական հայրենիքին օգտակար լինելու մտատանջություններից, սակայն ողջ կարողություններն ու էներգիան վատնում է մեկ այլ երկրի բարգավաճման համար, նույն այդ ճանապարհով տանում է նաև հարազատ եղբորը՝ Գագիկ Աբրահամյանին:
Եվ կարծես թե վատ չի տանում, քանի որ այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ջեյ Սի Էյ» ոսկերչական ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գագիկ Աբրահամյանին պարգևատրել է ՌԴ «Բարեկամության» շքանշանով:
Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, ՌԴ նախագահը պետական պարգևներով պարգևատրել է մի խումբ ականավոր ռուսների, ինչպես նաև այլ երկրների քաղաքացիների, ու շնորհավորանքի իր խոսքում ընդգծել է, որ բոլոր պարգևատրվածների գրանցած հաջողությունները նշանակալի են Ռուսաստանի և այդ երկրի քաղաքացիների համար: «Դրանք նպաստելու են Ռուսաստանի սոցիալ-տնտեսական զարգացման արդիական խնդիրների լուծմանը»,- ասել է Պուտինը:
Պուտինն, ինչ խոսք, իրավացի է: Աբրահամյան եղբայրները նպաստում են ռուսական տնտեսության զարգացմանը: Իսկ մարդն ում ծառայում է, նրանից էլ խրախուսվում է: Սակայն պնդել, թե նման պարգևատրումները բարձրացնում են նրա հեղինակությունը՝ սխալ կլինի։ Ավելին, նման պարգևատրումները խարխլում են նրա հեղինակությունը, հատկապես այնտեղ, որտեղ գիտեն, թե ինչ բան է Արա Աբրահամյանը։