Երևանում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտագնա նիստը, որը վարում է ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ, ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի նախագահ Սերգեյ Նարիշկինը: «Սա շարունակությունն է ձևավորված այն բարի ավանդույթի, որ մենք անցկացնում ենք մեր նիստերը պետություններում, որոնք նախագահում են ՀԱՊԿ-ը: Նմանատիպ հանդիպումներ մենք անցկացրել ենք Մինսկում, Բիշքեկում, Մոսկվայում, և ահա երկրորդ անգամ հանդիպում ենք Հայաստանի հյուրընկալ մայրաքաղաքում՝ Երևանում»,- ասաց նա՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ ղեկավարությանը ջերմ ընդունելության համար, ՀՀ արտաքին գործերի և պաշտպանության նախարարություններին՝ նստաշրջանի կազմակերպման համար:
Սերգեյ Նարիշկինի խոսքով՝ ՀԱՊԿ խորհրդարանական Վեհաժողովը որպես միջխորհրդարանական կառույց, միշտ ձգտում է օրենսդրական դաշտում նպաստել մեր պետությունների անվտանգության ամրապնդմանը՝ ժամանակակից և բավական ոչ հեշտ պայմաններում: Խոսելով ՀԱՊԿ-ի առջև ծառացած ներկայիս մարտահրավերներից, Նարիշկինը նշեց. «Դուք լավ գիտեք, որ փետրվարի 22-ին ընդունվեց Ռուսաստան Դաշնության և ԱՄՆ միջև համատեղ հայտարարություն՝ Սիրիայում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին: Այս փաստաթղթի նպատակն այն է, որ տրվի ազդակ՝ լուծելու սիրիական հակամարտությունը, այն էլ՝ քաղաքական միջոցներով:
Այսօր հիմնականում պահպանվում է հրադադարը, ընթացքը տանում է նրան, որ միջազգային ջանքերը համատեղվեն այս բարբարոսական կազմավորումների դեմ, որոնք ունեն Իսլամական պետություն անունը և այլ ահաբեկչական խմբավորումների դեմ»: Ըստ Նարիշկինի՝ իրենց համար ոչ պակաս մտահոգիչ է սիրիական տարածքը Թուրքիայի կողմից կրակահերթի տակ պահելն ու Թուրքիայի կողմից այլ գործողություններ նախաձեռնելը, որոնք ապակայունացնում են առանց այն էլ պայթյունավտանգ տարածաշրջանը:
«Հայաստանն իր աշխարհագրական դիրքի և միջազգային լարվածության օջախներին մոտ լինելու արդյունքում զբաղեցնում է հատուկ տեղ Կազմակերպությունում, ուստի մենք պետք է հաշվի առնենք ՀՀ փորձը, այդ թվում՝ խորհրդարանական փորձը, անվտանգության ապահովման հարցում: Այս առումով կա գործողությունների հստակ փաթեթ, որոնք կնպաստեն մեր կազմակերպության ուժային բաղադրիչի ամրապնդմանը»,- ընդգծեց Սերգեյ Նարիշկինը՝ հայտնելով, որ վաղն իրենք այցելելու են Երևանի «Էրեբունի» օդանավակայան և այս օրինակով ծանոթանալու Կովկասում մեր պաշտպանական հնարավորություններին:
Այս նյութը դիտել են - 1444 անգամ