ԲՀԿ-ում հասունանում է «անառակ որդիների վերադարձ» գործողությունը
ԲՀԿ-ի կազմաքանդումը կարծես թե նոր ընթացք է ուզում ստանալ ու խոսակցություններ կան, որ կուսակցություն կարող են վերադառնալ դեռ փետրվարյան առաջին տրոհման ժամանակ հեռացած որոշ կարկառուն ԲՀԿ-ականներ։ Առավել ակնառու է, որ եթե դեռ մի քանի օր առաջ շրջանառվում էին լուրեր, որ Վարդան Օսկանյանն է ուզում իր կուսակցությունը հիմնել, ապա այսօր արդեն խոսում են, որ նա կարող է վերադառնալ կուսակցություն։
Սրա մեջ ոչ մի զարմանալի բան չեմ տեսնում, այլ զուտ քաղաքական պրագմատիզմ, ընդ որում՝ երկուստեք։ Օսկանյանն իր մասով հասկացել է, որ իր քաղաքական կշիռը գործնականում մոտ է 0-ի ու նա պարզապես բրենդի պես մի բան է, որ լավ է նայվում ընդհանուր կոմպլեկտում, բայց ինքնաբավ քաղաքական միավոր լինել չի կարող։ Այս միֆը շրջանառության մեջ դրվեց դեռ նախորդ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ, թե բա հեսա փորձառու քաղաքական գործիչ Օսկանյանը կգա ու նոր որակ կհաղորդի, բայց գործնականում տեսանք, որ քաղաքական հարցերում Օսկանյանը բացարձակ պասիվ էր ու փոխարենը, երբ լսում էիր նրա մասին, ապա դա կամ լինում էր փողերի լվացման հետ կապված պատմության համատեքստում, կամ էլ Զուրաբյանի հետ հայտնի գաղտնալսման պատմության համատեքստում։ Դե մեկ էլ հիշեցինք Օսկանյանին, երբ նա առաջիններից մեկը դարձավ, ով շտապեց լքել ԲՀԿ-ի խորտակվող նավը։ Դե արի ու նման ճամպրուկով մրցունակ կուսակցություն ստեղծի, այն էլ մեկ տարում։
Այդուհանդերձ, այսօրվա թուլացած ԲՀԿ-ին Օսկանյանի վերադարձն առնվազն չէր խանգարի։ Թեկուզ մենակ բարոյահոգեբանական մթնոլորտը ու խուճապային տրամադրությունների դեմն առնելու պրոցեսսը գոտեպնդելու մասով։ Ինչպես նշեցի, Օսկանյանը թեև ինքնաբավ միավոր չէ, բայց դե գոնե բրենդի ու իմիջի առումով լավ էլ հարմար թեկնածություն է ու նրա վերաԲՀԿացումը կարող է դրական ազդեցություն ունենալ ներկուսակցական մթնոլորտի վրա։
Այնպես որ, ինչպես տեսնում եք սա փոխշահավետ գործարք կարող է լինել։ Իհարկե, այս ամենն այն պարագայում, եթե Օսկանյանը որոշել է շարունակել իր քաղաքական կարիերան ու չի անցնելու թոշակի։