Ամերիկահայերը նամակ են հղել Հայաստանում ԱՄՆ դեսպանին
2016-03-12 09:42:00

Բաց նամակ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մ. Միլսին

Հայաստանում կոռուպցիայի, քաղաքական հետապնդումների և ԱՄՆ-ի ֆինանսական օժանդակության վերաբերյալ

Հարգարժան պրն. դեսպան՝

Մենք՝ որպես ամերիկահայեր ցանկանում ենք մեր երախտագիտությունը հայտնել ԱՄՆ կառավարությանը՝ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության զարգացումն օժանդակելու համար: Շնորհակալություն ենք հայտնում նաև Ձեզ՝ անձնական նախաձեռնություն ցուցաբերելու համար Հայաստանին մտահոգող այնպիսի կարևոր հարցերում, ինչպիսիք են ազատ և արդար ընտրությունները, տնտեսական մրցակցությունը, քաղաքացիական հասարակության զարգացումը և կոռուպցիայի դեմ պայքարը:

Սակայն միևնույն ժամանակ հարկ ենք համարում ընդգծել, որ չնայած տարիների ընթացքում ԱՄՆ-ի և արտաքին այլ աղբյուրների կողմից տրամդրված զգալի օժանդակությանը, Հայաստանի ներկայիս և նախկին իշխանությունները լուրջ ջանքեր չեն գործադրել ժողովրդավարության և օրենքի գերակայության հաստատման համար: Անշուշտ, մենք անվերապահորեն խրախուսում ենք շարունակել ԱՄՆ օժանդակությունը Հայաստանին: Սակայն, հաշվի առնելով ԱՄՆ-Հայաստան հարաբերություններում ի հայտ եկած որոշ խնդիրներ, պատրաստակամություն ենք հայտնում օգնել բարելավել այդ հարաբերությունները և այդ նպատակով Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի շարք կարևոր դիտարկումներ:

Ինչպես քաջատեղյակ եք, այսօր Հայաստանում տիրող խորը կոռուպցիան վհատեցնում է երկիրը.
•Լայնածավալ և համակարգային ընտրակեղծիքների պատճառով Հայաստանի քաղաքացիները փաստացիորեն զրկված են իրենց ղեկավարներին ընտրելու իրավունքից, որի արդյունքում Հայաստանը ղեկավարվում է չընտրված անձանց կողմից: Ավելին, Հայաստանի պատմության մեջ արձանագրված ամենախարդախ քվեարկություններից մեկը՝ 2015 թ. սահմանադրական հանրաքվեն շատերի կողմից համարվում է Սերժ Սարգսյանի շարունակական իշխանությունն ապահովելու միջոցառում:

•Հայաստանի դատական համակարգի կոռուպցիան հայտնի է բոլորին, որի ապացույցն են հանդիսանում Եվրոպայի Մարդու Իրավունքների Դատարանում կայացված տասնյակ դատավճիռներն ընդդեմ Հայատանի: Այդ մասին նշվում է նաև ԱՄՆ պետդեպարտամենտի «Հայաստան 2014 թ, մարդու իրավունքների զեկույց»-ում

•Քաղաքական ընդդիմությունը և քաղաքացիական հասարակությունը գտնվում են հետապնդումների և բանտարկությունների սպառնալիքի տակ, իսկ քաղբանտարկյալների թիվը գնալով աճում է:

Բազմաթիվ անգամ ականատես ենք եղել, թե ինչպես են ԱՄՆ-ի և այլ արևմտյան նվիրատուների կողմից ֆինանսական միջոցներ տրամադրվել Հայաստանի իշխանություններին՝ դրա փոխարեն ստանալով բարեփոխումների խոստումներ: Որպես կանոն այդ խոստումները չեն իրականացել, բայց դա իշխանությունների համար որևէ բացասական հետևանքներ չի ունեցել: Արևմուտքի շարունակական ֆինանսական օգնութնյունը և ՀՀ իշխանությունների շարունակական ձախողումները հանգեցրել են ոչ միայն Հայաստանի քաղաքացիների իրենց իշխանությունների նկատմամբ ունեցած խորը հիասթափությանը, այլ նաև նրանց օտարել են արևմտյան ժողովրդավարական արժեքներից: Հայաստանի քաղաքացիների համար տպավորություն է ստեղծվում, որ արևմտյան տերությունների և Հայաստանի ռեժիմի նման համագործակցությունից նրանք միայն կարող են տուժել:

Մենք գտնում ենք, որ ԱՄՆ կառավարությունը ֆինանսական օգնություն տրամադրելու ցանկացած պարագայում պետք է ավելի խիստ պայմաններ դնի Հայաստանի իշխանությունների առջև՝ նրանցից պահանջելով պատասխանատվություն, թափանցիկություն և շոշափելի արդյունքներ: ԱՄՆ հարկատուները, որոնց մեջ են մտնում նաև շուրջ մեկ միլիոն հայեր, վրդովված կլինեին, եթե իմանային, որ իրենց հարկերից գոյացած պետական միջոցները անխելամտորեն տրվում են հայաստանյան կոռումպացված պաշտոնյաների: Վերջերս հակակոռուպցիոն նպատակներով Հայաստանի կառավարությանը տրամադրված 800 հազար դոլարը ակնառու օրինակ է, որտեղ ԱՄՆ հարկատուների դրամը կոռուպցիոն ռիսկի տակ է հայտնվել: Այստեղ մենք խորապես մտահոգված ենք հատկապես այն բանի համար, որ դրամաշնորհը տրամադրվել է Հովիկ Աբրահամյանին, ով հայտնի է որպես Հայաստանի ամենակոռումպացված պաշտոնյաներից մեկը: Հատկանշական է, որ Հովիկ Աբրահամյանը ԱՄՆ դեսպանատան զեկույցներում հիշատակվում է որպես «բռի նորահարուստ, որի քաղաքական գործունեությունը կապված է կեղտոտ փողերի հետ, ով չարաշահում է ադմինիստրատիվ ռեսուրսները և հայտնի է իր նենգամիտ պատեհապաշտությամբ՝ այսպիսով հանդիսանալով հայաստանյան քաղաքական մշակույթի վատթարագույն տեսակ»:

Մենք` որպես մտահոգված սփյուռքահայեր և միաժամանակ ԱՄՆ-ի հարկատուներ, ԱՄՆ պետդեպարտամենտից պահանջում ենք չափազանց ուշադիր լինել Հայաստանի կոռումպացված պաշտոնյաներին Ամերիկայի հարկատուների դրամը տրամադրելիս: Մենք հավատացած ենք, որ ֆինանսական օգնություն պետք է տրվի ոչ թե իշխող ռեժիմին, այլ Հայաստանի ժողովրդին: Մասնավորապես՝ կոռուպցիայի դեմ պայքարը շատ ավելի արդյունավետ կլինի, եթե ԱՄՆ օգնությունը ուղղված լինի քաղաքացիական հասարակության զարցացմանը, ոչ կառավարական հակակոռուպցիոն կազմակերպությունների ստեղծմանը և հուսալքված քաղաքացիներին օժանդակելուն:

Ամփոփելով մեր ուղերձը՝ ուզում ենք հատկապես նախազգուշացնել, որ վերջին շրջանում քաղաքական անհանդուրժողականության աճի պատճառով Հայաստանը դեպի բռնապետություն տանելու վտանգավոր միտում է նկատվում: ԱՄՆ վարչակազմին հորդորում ենք ավելի մեծ ճնչում գործադրել իշխող ռեժիմին և պահանջել, որպեսզի անմիջապես դադարեցնեն քաղաքական հետապնդումները, ազատ արձակեն բոլոր քաղբանտարկյալներին և հետևողականորեն քննեն սահմանադրական հանրաքվեի անցկացումը և արդյունքները:

Հարգանքներով՝

Հայկական Վերածնունդ – Նյու Յորքի մասնաճյուղ
Հայկական Վերածնունդ – Լոս Անջելեսի մասնաճյուղ

Այս նյութը դիտել են - 2295 անգամ