Նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը սպասվածից ավելի մեծ աղմուկ բարձրացրեց: Մինչ դրա հեղինակներն ասում են, թե դա աշխարհի ամենալավ օրենսգիրքն է, ընդդիմախոսները պնդում են, որ իրենց կյանքում ավելի վատ բան չեն տեսել, քան դա է: Այս ծայրահեղ ու բևեռացած տեսակետների արանքում շարքային ընտրողներին այլ բան չի մնում, քան չվստահել երկու կողմերին էլ: Բայց և այնպես ինչ-որ մեկին վստահել պե՞տք է:
Եվ հենց այստեղ է, որ նրանց օգնության է գալիս դիպվածը: Այլ կերպ ասած, իբրև միջանկյալ տարբերակ, վստահություն կարող է ներշնչել միայն նա, ով իրենից անկախ ասում է այն, ինչը չէր ցանկանա բարձրաձայն ասել: Եվ այդպիսի մեկն է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գարեգին Նուշիկյանը:
Բանն այն է, որ երբ պատգամավորին հարցրել են, թե ինչ կարծիք ու տպավորություններ ունի Ընտրական օրենսգրքի նախագծի մասին, Նուշիկյանը պատասխանել է. «Նախագծում կան կետեր, որոնք մասնագետների օգնությամբ հնարավոր կլինի հասկանալ»: Դիտարկմանը, որ եթե պատգամավորը չի կարողանում հասկանալ, ապա հասարակ ժողովուրդն ինչպե՞ս է ընկալելու այն, պատգամավորն ասել է, թե ինքը մասնագետ չէ, կան կետեր, որոնք հասկանում է, կան կետեր, որոնք՝ ոչ»:
Ահա այսպիսի, տեղ-տեղ հասկանալի օրենսգրքի նախագիծ է մատուցվել ընտրողներին: Կասկած չկա, որ երբ պահը գա, Գարեգին Նուշիկյանը երկու ձեռքով կողմ կքվեարկի դրա ընդունմանը: Նրա համար օրենսգիրքը երբեք էլ առաջնային հարց չի եղել : Կարևորն այն է, որ ընտրության ժամանակ իր անունը ընդգրկված լինի ցուցակներում: Իսկ թե ո՞ր օրենքով Նուշիկյանը վերստին մանդատ կստանա, ու՞մ է հետաքրքիր: