Հրազդանը ոչ թե քաղաքական թատերաբեմ դառնալու կարիք ունի, այլ` իր խնդիրների կայուն ու երկարաժամկետ լուծումների կարիք»...2016-03-11 23:48:00
«168.am–ի հետ զրույցում Հրազդանի գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը պատասխանում Է Նիկոլ Փաշինյանին, ով Հրազդանում հայտարարել է, որ այս ընտրություններում հաղթելու են ժպիտ բերելով Հրազդանցիների դեմքին։
- Հրազդանի քաղաքապետի գալիք ընտրությունները խոստանում են թեժ լինել, քանի որ Ձեր հիմնական մրցակիցն իր քաղաքական թիմով է հանդես գալու։ Մտավախություններ չունե՞ք։
Ասել եմ ու նորից կասեմ, որ ոչ մեկին մրցակից չեմ դիտարկում։ Իմ հիմնական մրցակիցները քաղաքի դեռևս չլուծված խնդիրներն են։ Ես ու մեր թիմն այդ խնդիրները պետք է շարունակենք լուծել գալիք տարիների ընթացքում։ Ինչ վերաբերում է քաղաքականությանը, քաղաքապետի ընտրությունները միշտ էլ եղել են քաղաքի հոգսերով զբաղվող, քաղաքի խնդիրներին տիրապետող մարդկանց ընտրություններ։ Գեղեցիկ ճառերով ոչ մի հարց չի լուծվում։ Խոսողների պակաս չկա, աշխատող ու բեռ վերցնող մարդկանց պակաս կա։
- Այնուհանդերձ, Սասուն Միքայելյանի շտաբի պետ է նշանակվել Նիկոլ Փաշինյանը։ Դա չի՞ փոխում Ձեր ծրագրերը։
Քաղաքական գործիչների տեղն Ազգային ժողովում է։ Չնայած լավ է, որ այս ընտրությունների շնորհիվ որոշ մարդիկ կիմանան Հրազդանի տեղը Հայաստանի քարտեզի վրա, կծանոթանան մեր քաղաքին, նրա հոգսերին ու կյանքին։ Ափսոս, որ դա անելու են ընտրությունների, այսինքն սեփական շահերի համար, և ոչ թե սովորական ու պարզ մղումներով։ Քաղաքային ընտրությունները քաղաքական չեն լինում ու չեն լինելու։ Երևի խորհրդարանական ընտրություններից առաջ փորձելու են Հրազդանում ինչ-որ բան անել։ Բայց վստահ եմ, հրազդանցին ասելու է, թե ինչ է մտածում ամեն տեսակի լաբորատոր փորձերի մասին։
- Դուք էլ եք քաղաքականացված, Հանրապետական եք, կուսակցական կառույցի ղեկավար։ Դա չի՞ հակասում Ձեր ասածին։
Իհարկե ոչ։ Ես այս քաղաքում ծնված-մեծացած եմ։ Հրազդանցի եմ ուղն ու ծուծով։ Իմ կուսակցական թիմն օգնել է ինձ լուծել քաղաքի խնդիրները, առաջ տանել մեր քաղաքի ծրագրերը։
Քաղաքական առումով ես հանրապետական եմ, գործնական առումով քաղաքի կառավարիչ։
Հրագդանը ոչ թե քաղաքական թատերաբեմ դառնալու կարիք ունի, այլ իր խնդիրների կայուն ու երկարաժամկետ լուծումների կարիք»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Այս նյութը դիտել են - 1317 անգամ