Հայրիկյանը՝ երևակայական լրտեսների ճիրանում...
2016-03-12 20:09:00

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին ոչ ոք տեղյակ չի պահել, որ սահմնադրության հանրաքվեն արդեն կայացել է: Եվ քանի որ նա հաճախ է բացակայում երկրից, կարող էր նաև դրա մասին չիմանալ: Էականն այն է, որ վերադարձից հետո բարի մարդիկ հայտնել են, թե ինչ մեծ ողբերգություն է կատարվել ու Հայրիկյանին խնդրել են գտնել մեղավորներին: Իսկ փորձառու խուզարկուի համար դա ձախ ձեռքի գործ է: Հայրիկյանը մեկ ակնթարթում է բացահայտել մեր ոխերիմ թշնամիներին: «Մեր երկրի իշխանությանը տիրացած ռուսական լրտեսներին իրենց դաշնակից լրտեսների հետ հաջողվեց բթացնել ու կամազրկել մեր հանրությանը, ու, եթե ԱԻՄ-ն էլ լռի, բոլորովին մոռացության կմատնեն պղծված հիմնական օրենքի հարցը»,- հայտարարել է նա և հիմա պատրաստվում է հետին ամսաթվով ետ վերադարձնել հին սահմանադրությունը: Իսկ հենց որ նա այդ բանն անի, ապա Ընտրական օրենսգրքի ընդունումն արդար սահմանադրության պայմաններում մի քանի օրվա, մեկ շաբաթվա հարց է:


«Ես դեռևս 7 տարի առաջ 6 կուսակցությունների հետ և ԱԺ, և նախագահին ներկայացրել եմ խորհրդարանի իրապես կատարյալ ընտրակարգն ու աշխատակարգը (բացարձակ ժողովրդավարության համակարգի շրջանակներում)։ Բոլորն էլ գիտեն, որ ինչպես Սահմանադրության հարցում, այդպես էլ այստեղ ազգադավ, ժողովրդադավ լրտեսներն իրենցն են անում, և գիտեն մյուսների մասնակցությունն այդ գործընթացին»,- պնդում է նա:


Մի խոսքով, սահմանադրությունն ու Ընտրական օրենսգիրքը հանգիստ խղճով կարող ենք թողնել Հայրիկյանի հույսին: Նա դրանց հարցն արագ կլուծի: Հիմա մնում են միայն երևակայական լրտեսները: Սրանց ոչնչացնելու համար Հայրիկյանը հրավիրում է մարտի 16-ին կայանալիք հանրահավաքին: Եթե մարդիկ հավաքվեն ու ականջ կախեն խորիմաստ քաղաքական տիտանին, ապա «հայությունը կարող է անկախ ու ազատ (այսինքն՝ իրապես հզոր) Հայաստանի նախադրյալներ ստեղծել, հակառակ դեպքում մեզ լրտեսները կտանեն դեպի բացարձակ ֆորպոստացում»:


Զարմանալ միայն կարելի է, թե մինչ օրս ինչպե՞ս ոչ մեկի մտքով չէր անցել, որ հայրենիքի թշնամիներին ոչնչացնելն այդքան հեշտ գործ է: Ընդամենը գնում ես Հայրիկյանի միտինգներին և հենց տեղում ականատես ես լինում, թե ինչպես տարբեր ազգության լրտեսները մեկիկ-մեկիկ գալիս, ծնկում են Հայրիկյանի դիմաց, խոստովանում են իրենց մեղքերն ու ինքնասպան են լինում: Նման մասսայական կոտորած՝ հանուն ազգի փրկության, ուրիշ ոչ ոք ձեզ խոստանալ չի կարող: Միայն ու միայն Պարույր Հայրիկյանը:

 

shame.am




Այս նյութը դիտել են - 1517 անգամ