Եթե երեք ամիս առաջ ստեղծված կուսակցությունն է արդեն այսօրվանից սկսել 2017-ին անցկացվող խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը, ապա մեզ ոչ լուսավոր ժամանակներ են սպասվում:
Կուսակցությունն այդ կոչվում է «Լուսավոր Հայաստան», որի նախագահը «գերանկախ» պատգամավոր Էդմոն Մարուքյանն է:
Այն Մարուքյանը, որը մշտապես քվեարկել է իշխող ուժի կողմից ներկայացված նախագծերի օգտին:
Էնքան քվեարկեց, որ վերջը մի լուսավոր նախագիծ էլ իր համար հորինեցին ու ասացին՝ գնա՛, ղեկավարիր «Լուսավոր Հայաստանը»:
Հիմա Մարուքյանն ասուլիս է հրավիրում Մաշտոցի պուրակում /ախր, շա՜տ «կրեաԾիվ,» է/՝ այդ վայրը դիտարկելով որպես «քաղաքացիական գիտակցության հաղթանակի» վայր:
Հիշում եք, էլի, թե ինչպես Մաշտոցի պուրակի պայքարիստները մի վայրկյանում ցրվեցին, երբ նախատեսված սցենարով տեղում «անսպասելի» հայտնվեց Սերժ Սարգսյանը եւ ասաց՝ «Տարոն ջան, սիրուն չի»:
Մարուքյանն ու իր «ԼՀ»-ն մտադիր են արշավել մարզերում եւ լսել մարդկանց: Կարծես, մինչեւ հիմա Մարուքյանը տեղյակ չէր, թե ինչ խնդիրների մեջ են թաղված գյուղերն ու մարզային քաղաքները: Հիմա պետք է գնա, լսի ու գրառումներ կատարի:
Հետաքրքիր է, գյուղերում մեկը «կֆայմի՞» նրան հարցնել թե՝ էսքան տարի պատգամավոր ես, ի՞նչ ես արել, որ մեր վիճակը մի քիչ թեթեւանար /հուսանք, նրան այդ հարցը տվող կլինի/:
Մարուքյանն ահագին զվարճալի հայտարարություն է արել, ասելով, թե «ԼՀ»-ն ընդդիմադիր ուժ է եւ իրենց միակ հակառակորդը իշխանությունն է:
Ավաղ, մինչ օրս մենք միայն մեկին ենք տեսել, որի դեմ անզիջում պայքար էր մղում Մարուքյանը: Դա ոչ անհայտ Անդրանիկ Նիկողոսյանն է, որի արած մի անհեթեթ հայտարարությունը սարսափելի զայրացրեց Մարուքյանին եւ նա մի տասը օր խոսում էր Նիկողոսյանի դեմ, պահանջում, որ ԱԺ-ն նրանից հետ վերցնի շնորհած պարգեւը: Այդ օրերին Մարուքյանը այնպիսի մի աղմուկ բարձրացրեց, որից կայծ առաջացավ ու պաշտոնապես գրանցվեց «Լուսավոր Հայաստանը»:
Ինչեւէ, Նիկողոսյանին էլ չշնորհազրկեցին /չնայած՝ Մարուքյանի անդուլ մարտնչումների/:
Այնպես, որ Մարուքյանը զուր է բոլորին փորձում համոզել, թե ինքն ու իր կուսակցությունը որպես միակ հակառակորդի տեսնում են իշխանությանը:
Մարուքյանը, եթե մինչ օրս ինչ-որ «հակառակորդ» է ունեցել, ապա դա եղել է միայն Նիկողոսյանը:
Մի խոսքով, մարզերում «լուսավոր» արշավը մեկնարկել է:
Մնում է ժողովուրդը սիրտը բացի «լուսավոր» ուժի ղեկավարի առաջ ու Մարուքյանին էլ իր թիմով տանի գարնանացանի աշխատանքներին մասնակցելու:
Արեւ Լուսինյան
Այս նյութը դիտել են - 1344 անգամ