Բա չասե՞մ, էդ ինչպե՞ս է լինում, որ մի օր դիմադիր եք, մի օր ընդդիմադիր...
2016-03-14 04:13:00

Կես լուրջ, կես կատակ

Ահագին ժամանակ էր, խուսափում էի Ցուկիի հետ հանդիպելուց, այս անգամ չհաջողվեց, ելավ դեմս, թե՝ մի բան գրիր, թե չէ էջդ կփակեմ կամ հայերեն տառաշարդ էլի կխառնեմ իրար։ Ճարս ի՞նչ։ Բայց լավ, ի՞նչ գրեմ։

Ինչ անե՞մ , վերցնե՞մ-գրեմ, որ ԲՀԿ-ում ներկուսակցական գզվռտոց է ընկել, կասեն ՝ տո՛ քո ի՞նչ գործն է,ինչու՞ ես մտնում մատի ու մատանու արանքը։ Հա, կասեն։ Բայց ես էլ իմ պատասխանն ունեմ, կասեմ, որ ոչ Զուրաբյան Նաիրային եմ ճանաչում, ոչ էլ առավել ևս՝ Գևորգ Պետրոսյանին, բայց էդ որ Նաիրան Գևորգի անցած ճանապարհն է մատնացույց անում, հին անհետաքրքիր մեռելներ հանում ջրի երես, ո՞նց ես էլ չհիշեմ ու հաշիվ չպահանջեմ, թե՝ այ Նաիրա, էդքան որ անհանգիստ ես քո կուսակցության վարկի համար, դե նախ պատասխան տուր, թե ԲՀԿ-ն ինչպես խաբեց հազարավոր մարդկանց, փաթաթվեց իր միլիոնների վերմակով ու տաքուկ քուն մտավ։

Բա չասե՞մ, էդ ինչպե՞ս է լինում, որ մի օր դիմադիր եք, մի օր ընդդիմադիր, բա չասե՞մ, այ տիկին , դեռ երեսատեղ ունե՞ք էս ժողովրդի մոտ, որ մատի վրա խաղացրեցիք, հիմա էլ թեմա եք դարձրել Գևորգ Պետրոսյանին ձեր արդեն խայտառակված կուսակցությունից հեռացնելու հարցը։

Հա, մի երկու խոսք էլ Պետրոսյան Գևորգին՝ նախկին Սոցապ նախարարին ասեմ։Այ տնաշենի Գևորգ, է՛, թող հեռացնեն, դու էլ գիտես, մե՜ծ բան ես կորցնում, ժողովուրդն արդեն էլ ոչ մի ԲՀԿ-ՄՀԿ-ի չի խաբվի։

Բայց դե, ոչ մեկին էլ ոչինչ չեմ ասի, իրենց ներքին հարցերը թող իրենք լուծեն, ես շառ ու փորձանքից հեռու փախչող մարդ եմ։

Մելանյա Պետրոսյանցի ֆեյսբուքյան էջից
Այս նյութը դիտել են - 1476 անգամ