Մարդուն ճանաչելու ամենահեշտ միջոցը նրան լսելն է: Ընդամենը մի քանի նախադասություն կարող են բացահայտել ինչպես տվյալ անձի կերպարը, այնպես էլ նրա անկեղծության աստիճանը: Եվ երբ այսօր առաջին անգամ խորհրդարանում որպես պատգամավոր հայտնվեց ՀՅԴ համամասնական ցուցակով Արծվիկ Մինասյանին փոխարինած Կարեն Շահմուրադյանը, նրան հարցեր ուղղող լրագրողները ոչ միայն պատասխաններ էին ակնկալում, այլև բացահայտում:
Ինչպես հայտնի է, անկուսակցական ներկայացող Շահմուրադյանը խորհրդարան է եկել գործարար ոլորտից. նա «Կարկոմավտո» ընկերության սեփականատերերից է։ Եվ այս իմաստով հասկանալի է, թե ինչու առաջին հարցը վերաբերում էր հենց բիզնեսին: Դրա մասին լսելուն պես Կարեն Շահմուրադյանն անմիջապես երդվեց, որ ինքն այլևս բիզնեսով չի զբաղվելու, քանի որ իր գործը փոխանցել է հարազատ եղբորը ու հիմա լծվելու է միայն ու միայն օրենսդրական աշխատանքին։
Սա, ինչ խոսք, պաշտպանական ռեակցիայի արգասիք էր: Նորընտիր պատգամավորը չէր կարող չիմանալ, որ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն հուշագրում կա իշխանությունը բիզնեսից տարանջատելու մասին կետ: Սակայն իրեն ապահովագրող Շահմուրադյանը փորձված աղվեսի պես երկու ոտքով թակարդն ընկավ, երբ նրան հարցրեցին, թե այդ դեպքում ինչպե՞ս է պատրաստվում պայքարել այն պատգամավորների դեմ, ովքեր բիզնես ունեն։ «Ես, ճիշտն ասած, չգիտեմ այդ մարդկանց անունները՝ ովքեր են զբաղվում բիզնեսով: Եվ, ինձ թվում է, այս Ազգային ժողովում չկան նմանատիպ մարդիկ։ Այսինքն՝ բոլոր նրանք, ովքեր պատգամավորի աշխատանքով են զբաղվում, բիզնեսով չեն զբաղվում։ Իրենք, հնարավոր է, ունեն ակցիաներ, արժեթղթեր, սեփականատեր են ինչ-որ արժեթղթերի, բայց նրանք չեն զբաղվում բզինեսով»։
Խորհրդարան մուտք գործելու առաջին իսկ օրը Կարեն Շահմուրադյանն արդեն բացահայտեց իր դեմքը: Ուրեմն, առաջիկայում ևս պիտի սպասել, որ նա կաղավաղի փաստերը, ճշմարտությունը կներկայացնի գլխիվայր, կեղծ տեղեկություններ կհաղորդի և ծայրահեղ դեպքում կձևանա անտեղյակ, միայն թե չվնասի իր գործի ընկերներին, քանի որ նրանք բոլորն էլ այստեղ եկել են մեկ նպատակի համար և այդ նպատակը երկրի ապագան չէ: Այդ նպատակը բիզնեսը լքած Շահմուրադյանի և մյուս բոլոր ոչ բիզնեսմեն պատգամավորների բիզնես շահերի ապահովագրումն է: