1833 թ. ռուսական զորքերը եգիպտա-սիրիական զորքերին թույլ չտվեցին գրավել Ստամբուլը: Իսկ երբ 1920 թ. վերջնականապես փլուզվեց Օսմանյան կայսրությունը, եւ բրիտանացիները սկսեցին հանդես գալ Հունաստանի ու Հայաստանի կողմից՝ հետապնդելով նրանց շահերը, ռուսներն օգնության հասան թուրքերին: Իրականում կասկած կա, թե Թուրքիան առհասարակ կկարողանա՞ր գոյություն ունենալ առանց օգնության, որը տրամադրել է Մոսկվան:
Ստամբուլի Թաքսիմ հրապարակում 4 հայտնի արձան կա, որոնցից ամենանկատելին թուրքական հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալն է: Սակայն ամենից զարմանալին այն է, որ այդ քառյակից մեկը Թուրքիայում խորհրդային առաջին դեսպան Սեմյոն Արալովն է: Նա համագործակցել է թուրք ազգայնականների հետ, որոնք 1919 թվականին ցանկացել են ոչ մեծ մասշտաբներով գործարար կապեր հաստատել Ռուսաստանի հետ եւ դիմագրավել արեւմտյան դաշնակիցների ծրագրերին Անատոլիայում:
1920 թ. ամռանը սուլթան Մեհմեդ 4-րդի ներկայացուցիչները ստորագրեցին Սեւրի պայմանագիրը, որը նախատեսում էր Մեծ Հայաստանի, Մեծ Հունաստանի եւ Քուրդիստանի ստեղծում: Սուլթանն էլ պետք է դառնար անհասկանալի էմիրության կառավարիչ:
Պայմանագրին հզոր դիմադրություն եղավ, որին աջակցեց Խորհրդային Միությունը: Այդ պայմանագրի ստորագրման ժամանակ Մոսկվայում հանդիպեցին արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Գեորգի Չիչերինը եւ Անկարայի ներկայացուցիչ Ալի Ֆուատ փաշան: Նրանք պայմանավորվեցին, որ Խորհրդային Միությունը կմոռանա Հայաստանի մասին, իսկ թուրքերը կմոռանան Ադրբեջանի մասին: Հետո թուրքերը փող ու զենք ստացան, որն օգնեց հաղթել թշնամիներին:
Թե Ռուսաստանը, թե Թուրքիան անվստահությամբ էին վերաբերվում Արեւմուտքին: Դրանցից յուրաքանչյուրը հանդես էր գալիս իսլամի առավել վայրենի դրսեւորումների դեմ: Աթաթուրքը մասնավոր զրույցներում այն անվանում էր քայքայվող դիակ: Նրա կինը նամակագրության մեջ էր լուսավորության ժողկոմիսար Անատոլի Լունաչարսկու քրոջ հետ եւ խորհուրդներ էր հարցնում թուրք գյուղացիներին գրագետ դարձնելու մասին:
1929 թ. Ստալինը որոշեց աքսորել Տրոցկուն, սակայն չէր կարողանում գտնել մի երկիր, որը պատրաստ կլիներ ընդունել նրան, մինչեւ համաձայնություն չտվեցին թուրքերը: Տրոցկին այնտեղ ապրեց 4 տարի:
Սակայն ամեն ինչ խափանվեց 1945 թվականին, երբ Ստալինը որոշեց փոշուց հանել հին ցարական փաստաթղթերը: Նա աջակցեց հայկական հարցին եւ պահանջեց նրանց վերադարձնել Թուրքիայի երեք գավառ:
1947 թ. Թուրքիան օգնություն ստացավ Մարշալի պլանով, իսկ ավելի ուշ միացավ Սակագների ու առեւտրի գլխավոր համաձայնագրին եւ անդամակցեց ՆԱՏՕ-ին: Ստալինին հաջորդած Նիկիտա Խրուշչովն ընդունեց խորհրդային քաղաքականության սխալը, սակայն արդեն ուշ էր վերադասավորելու դաշինքները: Այդուհանդերձ, դրանից հետո խորհրդա-թուրքական հարաբերությունները երբեք առանձնապես վատ չեն եղել: Իսկ երբ 1965 թ. Թուրքիայի վարչապետ դարձավ Սուլեյման Դեմիրելը, սկսվեց խելամիտ համագործակցությունը: Իհարկե, այդ ժամանակ ոչ ոք ինքնաթիռ չէր խփում:
Ինքնաթիռի ոչնչացման հիմնավորումներն առայժմ ձեւական բնույթ են կրում: Թուրքական ինքնաթիռները հաճախ խախտում են Հունաստանի օդային տարածքը, եւ դա ոչ մի ճակատագրական հետեւանք չի ունենում: Թուրքիայի արձագանքը ռուսական ինքնաթիռի վայրկյաններ տեւած թռիչքին այլ բանի արտացոլումն է: Ռուսներն իսլամի դեմ պատերազմներում հաղթում են 1571 թվականից սկսած, երբ Իվան Ահեղը գրավեց Կազանը: Փոխանցվող վիրավորանքն ու դժգոհություններն ավելացել են պատմական պահանջներին, եւ դա գլխիվայր շրջել է ռուս-թուրքական համագործակցությունը, որը վերջին 15 տարիներին մեծ օգուտներ էր բերում երկու կողմերին: