Անկարայում պայթյունի հետևանքով զոհերի թիվը չորս տասնյակի է հասել
2016-03-15 12:09:00

Կիրակի օրը Անկարայի առևտրի ու տրանսպորտային գլխավոր հանգույց համարվող Քիզիլեյի հրապարակի մոտ, որտեղ գտնվում են մի շարք դեսպանատներ ու կառավարական հիմնարկներ, պայթյուն է տեղի ունեցել:

Իշխանությունները պնդում են, որ այն մեքենայի մեջ տեղադրված ռումբի պայթյունի արդյունք է, որը թիրախավորել էր կանգառը: Առնվազն 125 հոգի վիրավորվել է: Զոհերի թիվը չորս տասնյակի է հասնում:

Անկարան վերջերս մի քանի հարձակումների է ենթարկվել, ներառյալ փետրվարին մեքենայի մեջ տեղադրված ռումբի պայթյունը, որին զոհ էր գնացել 29 մարդ:  Կառավարությունն այդ պայթյունի մեջ մեղադրել էր քուրդ զինյալների հետ կապեր ունեցող ազգությամբ քուրդ Սիրիայի քաղաքացու։:

Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալայի խոսքերով՝ «Ահաբեկչության դեմ պայքարը, որը մենք մղում ենք մեր երկրի խաղաղության համար, մեր ժողովրդավարության շարունակական լինելու համար, մեր երկրի միասնականության համար, չի կանգնելու: Այն համառորեն շարունակվելու է»։

Թուրքիան պայքարում է այստեղ ապօրինի համարվող Քրդական աշխատավորական կուսակցության դեմ, որը քրդական ինքնավարություն հաստատելու նպատակով արդեն 30 տարի պարտիզանական պատերազմ է մղում Թուրքիայի հարավ-արևելքում։

«Ալ Ջազիրայի» հաղորդմամբ Թուրքիայի հատուկ ծառայությունները Ադանայում հատուկ գործողություն են իրականացրել և ձերբակալել 36 քուրդ, որոնք կասկածվում են քրդական աշխատավորական կուսակցության հետ կապերի մեջ:

Ըստ «ԲիԲիՍի»-ի, գործի առնչությամբ 11 մարդ է ձերբակալվել, նրանցից 4-ը՝ Սանլիուրֆայում: Թուրքիայի վարչապետը Ահմեդ Դավութօղլուն հայտնել է, որ հետաքննության արդյունքները գրեթե հաստատապես պարզ են դարձրել, որ Անկարայում կիրակնօրյա ռմբահարման հեղինակները քրդերն են:

Թուրքիան նաև «Դաեշի» հարձակումների թիրախ է: Թուրքիան հենց այդ խմբավորման էր մեղադրել հոկտեմբերին Անկարայում խաղաղ ցույցի ընթացքում տեղի ունեցած ինքնասպան ահաբեկչի պայթյունի համար, որը ավելի քան 100 մարդու մահվան պատճառ էր դարձել։ Սա ժամանակակից Թուրքիայի պատմության մեջ միայնակ իրականացված ամենաարյունոտ ահաբեկչական հարձակումն էր:Կիրակի օրը հարձակումն իրականացվել է Անկարայում հնարավոր հարձակման մասին ԱՄՆ-ի դեսպանության ահազանգող հայտարարությունից երկու օր անց:

ԱՄՆ-ն իսկույն դատապարտել է այս հարձակումը և վերահաստատել նվիրվածությունը ՆԱՏՕ-ի իր դաշնակից Թուրքիային՝ ահաբեկչության սպառնալիքի դեմ:

Ըստ Թուրքիայի զինվորականների, երկուշաբթի օրը իրենց ռազմական ինքնաթիռները 18 օդային հարված են հասցրել քուրդ զինյալների դեմ հյուսիսային Իրաքում: Թուրքական ուժերը հարձակում են իրականացնում քրդերի դեմ հուլիսից ի վեր, երբ Էրդողանը հայտարարել էր, որ կռիվը կշարունակվի մինչև վերջին զինյալին պարտության մատնելը:

Այս նյութը դիտել են - 1380 անգամ