Կա մի բան, որը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ղեկավար Արտակ Շաբոյանը բոլորից լավ է անում: Խոսքը բառախաղերի մասին է: Այս մարդը ցանկացած անհարմար իրավիճակից ելք է գտնում ոչ թե իր աշխատանքի շնորհիվ, այլ բառային մանիպուլյացիայի գնով:
Օրինակ, նրան հարցնում են, թե ինչպե՞ս է, որ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին չեն պատժում օղի կեղծելու համար: Իսկ Շաբոյանը հանգիստ պատասխանում է, որ ՏՄՊՊՀ-ն ֆիզիկական անձանց չի տուգանում, տուգանում է տնտեսավարողներին։ Այսինքն, իրեն ռետինե խողովակի տեղ դրած՝ չի ուզում հասկանալ, որ տվյալ դեպքում խոսքը «Ալեքս Գրիգ» ընկերության մասին է և կառչում է բառերից:
Կամ՝ երբ Շաբոյանին հիշեցնում են մենաշնորհային դիրք գրավողների մասին, նա վերստին օգնության է կանչում բառերին ու հայտարարում է, թե օրենքի լեզվով որևէ ոլորտում մոնոպոլիաներ, մենաշնորհներ չկան։ Կան բնական մենաշնորհներ: Պիտի կարծել, որ Շաբոյանը գերազանց տիրապետում է օրենքի լեզվին, բայց ոչինչ չի հասկանում մարդկային լեզվից, որովհետև նա շարունակում է իր նույն մարտավարությունը՝ տեղեկացնելով, որ օրենքի տեսնակյունից կան գերիշխող դիրք ունեցողներ, ոչ թե մենաշնորհներ: ««Օրենքն ասում է, որ եթե տնտեսավարողի կշիռը հարյուր տոկոս չէ, մնացածը կոչվում է գերիշխող դիրք։ Այսօր, այո, կան գերիշխող դիրքեր զբաղեցնողներ։ Կան շուկաներ, որոնք կենտրոնացված են»,- բացատրում է նա:
Օրենք լավ իմացող Արտակ Շաբոյանին չէր խանգարի մի քիչ էլ հետաքրքրվել, թե ինչ ասել է արդարություն, հավասար իրավունքներ, ստվերային գործունեություն, շուկայական հարաբերություններ, ազատ մրցակցություն ու էլի շատ նման բաներ: Եթե հանկարծ հրաշք կատարվի և նա իմանա, գուցեև հրաժարվի բառերի հետ անիմաստ խաղեր խաղալուց: