Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը գրեթե ողջունեց Շիրակի նոր՝ ՀՅԴ-ական մարզպետի նշանակումը: Այս անգամ Ղուկասյանն առաջնորդվեց այն տրամաբանությամբ, որ ցանկացած փոփոխություն մեծացնում է իր վերադարձի հնարավորությունները և միևնույն ժամանակ վրեժխնդրության ակտ է դառնում հների հանդեպ, ովքեր, մեղմ ասած, ժամանակին նպաստեցին իր հեռացմանը:
Սակայն Վարդան Ղուկասյանը չի պատրաստվում մնալ սոսկ դիտորդի ու խրախուսողի դերում: Նրա ներքին ձայնը հուշում է, որ անհրաժեշտ է որոշակի ակտիվություն դրսևորել, եթե նույնիսկ դա լինի խիստ աննկատ և անաղմուկ: Իսկ նա աշխուժացման տարատեսակ ձևեր գիտի: Օրինակ, լրատվամիջոցները գրում են, որ վերջին օրերին Ղուկասյանի ավտոմեքենան երեկոյան ժամերին հաճախ է կայանում Գյումրու ՀՅԴ կենտրոնական գրասենյակի մոտ:
Գրում են նաև, որ անձամբ Ղուկասյանին գրասենյակ մտնել-դուրս գալիս քաղաքացիները չեն նկատել, բայց մեքենան հաստատապես իրենն է եղել:
Միանգամից պնդել, թե Վարդանիկը որոշել է անդամագրվել ՀՅԴ-ին, սխալ կլինի: Վարդանիկից այնքան դաշնակ կստացվի, որքան հանրապետական դուրս եկավ: Բայց մյուս կողմից էլ մեծ ջանքեր չեն պահանջվի քաղաքական կողմնորոշումները վերանայելու իմաստով, եթե միայն այդ շրջադարձերը շրջադարձ դառնան նաև նրա կյանքում:
Իսկ հիմա նոր հարաբերությունների ու կապերի հաստատումը լիովին տեղավորվում է իրավիճակի կոնտեքստում: Հետո՞ ինչ, որ դրանք գերազանցապես գիշերն են ձևավորվում, մթության քողի տակ: Եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, մի օր մենք կտեսնենք Վարդան Ղուկասյանի պայծառացած դեմքը արևի լույսի ներքո:
Այս նյութը դիտել են - 1389 անգամ