ՀՀԿ-ում վախենո՞ւմ են Քոչարյանից...
2016-03-15 18:20:00

Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի և Վարդան Օսկանյանի կողմից նոր կուսակցություն հիմնելու մասին խոսակցությունները չէին կարող շրջանցել նաև իշխող կուսակցության աշխատասենյակները: Եվ այստեղ էլ տարբեր են թե վերաբերմունքները, թե կարծիքները:

Մեծամասնությունը հակված է կարծելու, որ Քոչարյանի ժամանակն արդեն անցել է, իսկ Օսկանյանն էլ որևէ արդյունքի հասնելու շանսեր չունի:

Բայց սրա հետ մեկտեղ արդեն շշուկներ են տարածվում այն մասին, թե իբր ՀՀԿ-ում առկա քոչարյանական թևը որոշակի ակտիվություն է հանդես բերում, ինչը կարող է հանգեցնել կուսակցության ներսում թեև ոչ նշանակալի, սակայն տեսանելի խմորումների: Ոմանք հակված են կարծելու, որ Քոչարյանի երկրորդ հայտնությունը կարող է լարվածության տեղիք տալ, ինչը ներկա փուլում բոլորովին չի բխում Հանրապետականի շահերից: Ու քանի դեռ այս ամենը ընդամենը կռահումների դաշտից է, ՀՀԿ-ականները ջանում են որքան հնարավոր է քիչ խոսել Քոչարյանի թեմայով և համբերությամբ սպասել զարգացումներին:


ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը ևս ջանում է պահպանել հանգստությունը, սակայն դրա հետ մեկտեղ ասում է. «Քոչարյանը, խոշոր հաշվով, երբեք քաղաքականությունից չի էլ հեռացել, այլ հարց է, որ նա հրապարակային ելույթներ քիչ է ունեցել: Ես դրան շատ սառնասիրտ եմ վերաբերվում և ՀՀԿ-ում էլ են սառնասիրտ վերաբերվում»:


Սառնասրտությունը մարդու կարևորագույն հատկանիշ է դառնում որևէ վտանգի առկայության դեպքում: Եթե չկա վտանգ, սառնասիրտ լինելու անհրաժեշտություն նույնպես չկա: Ու հիմա, երբ Բադեյանն ակամա շեշտադրում է կատարում հատկապես այդ հատկանիշի վրա, անուղղակիորեն հաստատում է այն մտավախությունները, որ իրենք ունեն: Ռոբերտ Քոչարյանն աղետ է: Աղետ է ինչպես շատերի, այնպես էլ ՀՀԿ-ի համար: Իսկ աղետին դիմակայելիս սառնասիրտ լինելը կարևոր պահանջ է:

shame.am

Այս նյութը դիտել են - 1220 անգամ