Փոխանակ ծանրորդ դեսպանին հետ կանչելու, Հայաստանի ԱԳՆ-ում լռում են, armtimes.com իսկ լռությունն ուղղակիորեն խրախուսում է, որ միջազգային հարթակներում Հայաստանը լուրջ չընկալվի: Այս մասին, այսօր՝ մարտի 15-ին, ԱԺ նիստում հայտարարությունների ժամին իր ելույթում նշել է ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Վրաստանում ՀՀ դեսպան յուրի Վարդանյանի աղմկահարույց ելույթին:
«Վերջերս սոցիալական ցանցը ուղղակի ցնցեցին Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, ծանրորդ Յուրի Վարդանյանի մտքի հերթական գոհարները՝ այս անգամ Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Հիշեցնեմ, որ մեր դեսպանը Ցեղասպանություն հասկացությունն ընդունում է շատ զավեշտալի, բայց դա միակ մտքի գոհարը չէր, ինչպես իր մամուլի խոսնակն է փորձում ներկայացնել որպես վրիպակ:
Այնուհետեւ, իր մտքի գոհարները փորձելով սփռել ներկաների առջեւ, դեսպանը փորձեց անդրադառնալ արտագաղթի թեմային եւ, որպեսզի ապացուցի, որ Հայաստանում արտագաղթ չկա, խորհուրդ տվեց ապրիլի 24-ին տեսնել, թե ինչքան մարդ է բարձրանում Ծիծեռնակաբերդ»,- նշել է նա:
Զոհրաբյանի խոսքով, Յուրի Վարդանյանի խոհափիլիսոփայական մտքերից հաջորդ գոհարն էր՝ Ցեղասպանության «200-ամյակը մենք կնշենք շատ ավելի բարձր մակարդակով», այն է, երեւի թե «կտոնենք շատ ավելի բարձր մակարդակով»:
«Այս ամենից լրջագույն հետեւություններ չարվեցին, ԱԳՆ-ն լռում է, իսկ լռությունը եւս պատասխան է: Սակայն չի կարելի լռել, երբ մի դեսպանն իր հավատարմագիրը նոտարում է վավերացնում, մեկ ուրիշը՝ ընդհանրապես գնում է եւ նրա անձի հետ կապված սկանդալային տեղեկատվություն է ստացվում, որ զբաղվում է բիզնեսով:
Սա աղաղակող փաստ է, եւ փոխանակ ծանրորդին հետ կանչելու, լռում են, իսկ լռությունն ուղղակիորեն խրախուսում է, որ միջազգային հարթակներում Հայաստանը լուրջ չընկալվի: Պետք է լրջագույն հետեւություններ անել, քանի որ դիվանագիտական կորպուսում վերջին շրջանում շատ են նման զավեշտալի դեպքերը»,- ընդգծել է Զոհրաբյանը:
Այս նյութը դիտել են - 1352 անգամ