Գուցե Միհրանն աշխատանքից ազատի՞ Արփինեին… 2016-03-15 21:49:00


Վերջին շրջանում այնքան շատ է խոսվում ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի մասին, որ սկսում ես ակամայից մտածել՝ ինչու՞ են ջուրը կաթիլ- կաթիլ բաց թողնում արդեն անհաղորդ ու սառը հանրության վրա:
Մեկ ասում են՝ ոստիկանապետ է դառնում: Բոլորն անհաղորդ են, սառը:
Մեկ ԴԱՀԿ-ի կողմից վաճառքի հանված ծիծաղելի իրերն են ցուցադրվում, երեկ նույնիսկ եթերում խոսում էին աճուրդի հանված «մանկական գարշոկի արժանիքների մասին»:
Բոլորն անհաղորդ են, սառը:
Լավ, ի՞նչ անել այդ սառը, անհաղորդ մթնոլորտը կոտրելու համար:
Հիմա էլ տեղեկանում ենք, որ Միհրան Պողոսյանը մարտի 15-ին հրամաններ է ստորագրել՝ ԴԱՀԿ-ում նոր նշանակումներ կատարել:
Բոլորն անհաղորդ են, սառը:
Գուցե Միհրանն աշխատանքից ազատի՞ Արփինեին… Կառուցողական ձևով:
Ասում եք, որ օրենքով հնարավո՞ր չի... Պնդում են, որ Միհրանի թափին թափ չի հասնում... Քի՞չ բան է: Օրենքին համազոր:
Մեկ է՝ բոլորն անհաղորդ են, սառը...
Քար:
Բայց հավատացնում են, որ կաթիլը քար է ծակում...
Հասմիկ Բաբաջանյան
Նյութի աղբյուրը `hraparak.am
Այս նյութը դիտել են - 1271 անգամ