Շարմազանովը և անբարոյականությունը...
2016-03-17 00:53:00

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր հանկարծ խոր էմոցիոնալ ցնցում է ապրել և հարկ է համարել արձագանքել այն խոսակցություններին, որոնց թեման ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հնարավոր պաշտոնաթողությունն է: 

Շարմազանովի ելույթը ստացվել է առավել քան զգացմունքային:

«Անբարոյականություն է ոչ միայն նման բան մտածելը, գործելը... Ի՞նչ ԱԺ նախագահ:

Մենք ունենք ԱԺ-ի նախագահ, և կարծում եմ, որ նման հրապարակումները, նման բան նույնիսկ մտածելը, նման հավակնությունները, պարզ ասում եմ՝ անբարոյականություն են, ով ուզում է լինի 131 պատգամավորներից:

Գալուստ Գրիգորիչին առողջություն ենք մաղթում: Նման բան «զակազ» տալը, հրապարակելը, մտածելը, գործելը՝ դա անբարոյական է, իսկ մնացածները թող իրենց համար մտածեն»,- ասել է ԱԺ փոխնախագահը:

Ի՞նչն է այդքան զայրացրել Շարմազանովին:

Ինչո՞ւ է նա կարծում, թե որևէ պաշտոնի հավակնելն անբարոյականություն է:

Ի վերջո, ԱԺ աթոռը Գալուստ Գրիգորիչի անձնական սեփականությունը չէ, որ դրա վրա աչք դնելը համարվի հանցավոր մտադրություն:
Մյուս կողմից՝ ո՞վ չգիտե, որ Սահակյանը ոչ միայն վատառողջ է, այլև վաղուց տարիքն առել է, ու մեկ ուրիշը նրա փոխարեն երևի հենց ինքը հրաժարական կտար: Վերջապես, հնարավոր փոփոխությունների, հավակնությունների մասին միշտ էլ խոսում են, անկախ նրանից՝ մարդը հիվանդ է, թե առողջ, զառամյալ է, թե երիտասարդ: Այդ ամենը ի՞նչ կապ ունի բարոյականության հետ:

Չէ, Շարմազանովի հուզմունքն այլ աղբյուրներից է սնվում, այլ ոչ թե նվիրվածությունից:

Բանն այն է, որ մինչ այժմ շրջանառված անունների մեջ նրա մասին խոսք անգամ չկա, իսկ Շարմազանովը խորապես հավատացած է, որ Գալուստ Սահակյանի իրավահաջորդը միայն ու միայն ինքը կարող է լինել, հենց թեկուզ այն պատճառով, որ ի պաշտոնե ԱԺ փոխնախագահն է:
Սակայն տեսնելով, որ ոչ ոք իր թեկնածությունը քննության առարկա չի դարձնում, խիստ վիրավորվել է ու հիմա այդ վիրավորանքները դուրս է հանում:
Բայց քանի որ այնքան համարձակություն չունի ճշմարտությունն ասելու, սկսել է դրանք վերագրել Գալուստ Սահակյանի անձին:

Այ, սա արդեն իսկապես կարելի է բնորոշել իբրև բարոյականության բացակայություն:

Ու եթե դրան էլ գումարենք նրա դեմագոգիկ ելույթն առ այն, թե իբր «այսօր բոլորս ավելի լավ աշխատում ենք նաև մեր սիրելի Գալուստ Գրիգորիչի համար, որովհետև երբ որ ինքն այսօր մեզ հետ չի, այստեղ չի, պառլամենտում չի, ինքն արտերկրում է, բուժզննում է անցնում, մենք ունենք լրացուցիչ պատասխանատվություն ավելի լավ աշխատելու», մարդկային նկարագրի շարմազանովյան տեսակը կներկայանա իր ողջ հմայքով: 

Մնացածն արդեն կողմնորոշման խնդիր է:
shame.am
Այս նյութը դիտել են - 1459 անգամ