Թալանի հերթական ալիքը..
2016-03-17 11:16:00

Վերջին օրերին առևտրականները լուրջ անհանգստացած էին այն լուրերից, որ մինչև մայիսի 1-ը փոքր ձեռնարկությունները և խանութները պետք է լազերային սկաներներ տեղադրեն, որը բավականին թանկ արժե: Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն էլ որոշեց իբրև թե հանգստացնել մարդկանց ու տեղեկացրեց, որ խոսքը հսկիչ դրամարկղային մեքենաների մասին է և դա ձեռնարկված էլեկտրոնային համակարգի մոդուլներից մեկն է հանդիսանում:


Շատերի հիշողության մեջ դեռ թարմ է, թե ինչպես ժամանակին ՀԴՄ-ների շուրջ կրքերը թեժացան և ինչպես էին տնտեսավարողներին դրանք պարտադրում, քանի որ ինչ-որ մեկին հաջողել էր մեծ քանակության սարքեր ներմուծել ու դրանց իրացման խնդիր գոյություն ուներ: Իսկ հաջող փորձն, ինչպես հայտնի է, կրկնություն է սիրում ու հիմա Խաչատրյանը որոշել է օպերացիայի երկրորդ ալիքն իրականացնել:


Եվ որպեսզի ամեն բան բարեհաջող ընթացք ունենա, նախարարը սկսել է գովազդից: Խաչատրյանը հրապարակել է այդ սարքերի գինը՝ այն անվանելով բավականին էժան. «Ինքը բազմաֆունկցիոնալ սարք է, բավականին էժան է, քանի որ ծրագրային ապահովումը կատարել են ՀՀ ծրագրավորողները Թայվանի հետ համատեղ: Մոտավորապես 760 դոլարի կարգի է արժեքը»,- ասել է նա:


760 դոլարը ֆինանսների նախարարի համար իրոք որ չնչին գումար է ու նա դրա մասին կարող է ասել, թե շատ էժան է: Իսկ ահա այն առևտրականները, փոքրիկ կրպակատերերը, ովքեր վերավաճառումներով օրվա հաց են վաստակում, հազիվ թե կիսեն նախարարի լավատեսությունը: Միայն թե դրանից խուսափելու հնար կարծես թե այլևս չկա: Ճիշտ է, մայիսի 1-ն էլ դարձել է 2017 թվականի հունվարի մեկ, քանի որ արժեքի հետ կապված ներկայումս գնում են բանակցություններ, իսկ դրանից առաջ էլ հնարավոր չեղավ ձեռք բերել ՀԴՄ-ները՝ ֆինանսական ռեսուրսների սղության պատճառով, սական Գագիկ Խաչատրյանը համառելու է:

Հեռանկարում խոշոր դրամական հոսքեր են սպասվում դեպի նրա գրպանը ու դրա համար էլ նա այսօր նախկին ոգևորությամբ հայտարարում է. «Այս քաղաքականությունը շարունակական կլինի»:


Մնում է, որ նախարար Խաչատրյանն էլ լինի շարունակական:

shame.am

Այս նյութը դիտել են - 1247 անգամ