Գյումրեցիներ, զգուշացեք, Նարեկ Սարգսյանն է գալիս: Քաղաքաշինության նախարարը, ով մայրաքաղաքը հիմնավորապես զրկեց իր յուրահատուկ դիմագծերից, այժմ էլ աչք է դրել հանրապետության երկրորդ քաղաքի վրա ու հայտարարել է, թե Գյումրիի գլխավոր հատակագիծը պետք է վերամշակվի: Նա մի օր արթնացել է ու որոշել, որ ներկայիս գլխավոր հատակագիծը 10 տարեկան է, և այն մի շարք խնդիրներ ունի, իսկ դրա շատ դրույթներ անիրատեսական են: Թե հատկապես ինչը նկատի ունի Սարգսյան Նարեկը, ոչ մեկին հայտնի չէ: Բայց այդ անհայտությունը նրան չի խանգարում ասել, որ վերամշակման կոնկրետ պահանջ կա:
Ծանոթ լինելով նախարարի աշխատաոճին, վստահաբար կարող ենք պնդել, որ նա կհասնի Գյումրի, այնտեղ կխոսի հարյուրավոր ընտանիքներին բնակարանով ապահովելու անհրաժեշտության մասին, ցույց կտա մի քանի կիսակառույցներ, կբացատրի, որ ներդրողներին հրապուրելու համար անհրաժեշտ է լուրջ քայլեր ձեռնարկել, իսկ վերջում հասկանալի կդառնա, որ արդեն հրապուրված ներդրողները կան, բայց նրանց հրապուրել է Գյումրիի «ամենահամեղ» հատվածը, այսինքն այն ամենը, ինչը Գյումրին պահում է իր բացառիկ տեսքի ու ընդգծված ճարտարապետական լուծումների մեջ: Խաղալով մարդկանց սոցիալական նեղ կացության ու հրատապ պահանջների լարերի վրա, Նարեկ Սարգսյանը կկարողանա այդ ծայրահեղ կացությունը բերել, հարմարեցնել իր թելադրած պայմաններին:
Այնպես որ, գյումրեցիներ, նորից ենք հիշեցնում, զգուշացեք: Նախարարն իր ծրագրերն արդեն քննարկել է քաղաքապետարանի ու Շիրակի մարզպետարանի հետ: Իսկ դուք տեղյա՞կ եք, թե ինչ ծրագրեր են դրանք: