ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը վստահ է, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծն անցնելու է: Երեւանի թիվ 08/26 ընտրական տեղամասում քվեարկելուց առաջ այսօր` դեկտեմբերի 6–ին,NEWS.am-ի հետ զրույցում պատգամավորը նշեց, որ «այո»-ն հաղթելու է, քանի որ «իրենք այս գործում խառն են»:
«Քո կարծիքով` ի՞նչ պետք է քվեարկեմ, հանուն լավ Հայաստանի, հանուն մեր ապագայի, նոր սահմանադրությամբ ամեն ինչ է փոխվելու: Ցավդ տանեմ, ո՞նց չի հաղթելու, մի գործի մեջ որ մենք խառնված ենք, զբաղվում ենք»,-ասաց Սամվել Ալեքսանյանը:
Հարցին՝ արդյոք մտավախություն չունի, որ սահմանադրական փոփոխություններից հետո, երբ խորհրդարանական ընտրությունների մեծամասնական համակարգ դուրս գա, համամասնական ցուցակով չի կարողանա պատգամավոր ընտրվել, Սամվել Ալեքսանյանը պատասխանեց, որ «ցանկություն ունի նորից պատգամավոր դառնալու, սակայն դա իր համար երազանք չէ». «Խի՞ պիտի մտավախություն ունենամ, որ չեմ ընտրվի, հո էտի պարտադիր բան չի՞, ցանկություն ունեմ նորից պատգամավոր ընտրվելու, բայց կըլնի, կըլնի, չի ըլնի, երազանք չի, էլի»:
Սամվել Ալեքսանյանը նշեց, որ լուրերը, թե ինքը ընտրակաշառք է բաժանել, իրականությանը չեն համապատասխանում։
«Այ, ցավդ տանեմ, ընձի փող ո՞րդից, որ ես ընտրակաշառք բաժանեմ»,-ասաց պատգամավորը:
Նշենք, որ Հայաստանում այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ժամը 8։00-ին մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն։
Քաղաքացիները կքվեարկեն հանրապետության ամբողջ տարածքում բացված 1988 ընտրատեղամասերում։
Հայաստանի Հանրապետության անկախությունից հետո առաջին Սահմանադրությունն ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ին, որը ամեն տարի նշվում է որպես Սահմանադրության օր: Սահմանադրությունը փոփոխվել է 2005թ. եւ նախագահական կառավարման համակարգը փոխարինվել է կիսանախագահականով: Այժմ հանրաքվեի դրված նախագծով երկիրն անցում է կատարում կառավարման խորհրդարանական համակարգի:
Այս նյութը դիտել են - 1777 անգամ