Միացյալ Նահանգները խաղաղություն է կերտում Հայաստանում եւ Ղարաբաղում
2016-03-18 09:00:00

Միացյալ Նահանգները պատրաստ է ֆինանսական, քաղաքական եւ մշակութային միջոցներով աջակցել Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատմանը: Այս մասին Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կողմից ԱՄՆ-ի Կոնգրեսում կազմակերպված միջոցառմանը հայտարարել են մի շարք կոնգրեսականներ: Կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Ջեյմս Լանգեւին, Ջուդի Չուն եւ Ջեքի Սպիըրը հայտարարել են, որ ամերիկացի  բազմաթիվ օրենսդիրների հետ միասին հայ ժողովրդի կողքին են:

Լոս Անջելեսի շրջանից ընտրված կոնգրեսական Շիֆի խոսքով, ինքը ներկայացնում է մոլորակի լավագույն եւ ամենաառաջադեմ Սփյուռքը.

«Քաղաքական կյանքի առաջին իսկ օրերից ես դարձել եմ հայկական ընտանիքի անդամ եւ շատ շնորհակալ եւ զգացված եմ՝ այդ ընտանիքի անդամ լինելով»:

Խոսելով կոնգրեսականների ներդրումի մասին՝ Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն ընդգծել է, որ հպարտ է աշխատել ներկա Կոնգրեսի հետ, որն առաջարկել է ղարաբաղյան տարածաշրջանում խաղաղության հաստատման երեք պայմանները՝ սահմանագծից դիպուկահարների հեռացում, կրակի ուղղությունը որսացող հատուկ սարքավորումների տեղադրում եւ հրադադարի խախտման յուրաքանչյուր դեպքի միջազգային հետաքննություն.

«Խաղաղության հաստատման բանալին առաջին հերթին օրեցօր շարունակվող բռնություններին եւ սպանություններին վերջ դնելն է»:

Կոնգրեսական Ջուդի Չուի խոսքով, խաղաղության հաստատումը միայն առաջին քայլն է, մինչդեռ երկրորդ քայլը պետք է լինի բարգավաճման հասնելը, որի նպատակով կոնգրեսականն աջակցում է ԱՄՆ-ում եւ Հայաստանում երկակի հարկումից խուսափելու համաձայնագիր ընդունելու առաջարկը։

«Տնտեսական կապերը հայ-ամերիկյան երկկողմ համագործակցության կարեւորագույն բաղադրիչն են»:

Կոնգրեսականները ընդգծել են նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման կարեւորությունը, որը Ջուդի Չուի խոսքով, անհրաժեշտ է՝ պատմության ճշմարիտ կողմում մնալու համար: Հայկական արմատներ ունեցող կոնգրեսական Ջեքի Սպիըրն իր հերթին հիշեցրել է ԱՄՆ-ի կառավարությանը, որ Հայաստանն ընդունել է շուրջ քսան հազար փախստական Սիրիայից, ինչի համար անհրաժեշտ է Հայաստանին հավելյալ միջոցներ տրամադրել՝ որպես օգնություն փախստականներին:

Շնորհակալություն հայտնելով հավաքվածներից՝ Ղարաբաղի տարածքում տեղակայված Քերոլայն Քոքսի անվան վերականգնման կենտրոնի ղեկավարն ու ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը կոչ են արել ԱՄՆ-ին շարունակել Ղարաբաղի բնակչությանն օգնություն հատկացնելու քաղաքականությունը.

«Մենք շնորհակալ ենք, որ չնայած ԱՄՆ-ը չունի պաշտոնական կապեր Ղարաբաղի հետ, Կոնգրեսում մեր ընկերների եւ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի շնորհիվ, օգնություն այնուամենայնիվ ստացվում է»:

Դիվանագետի խոսքով, օգնությունը թույլ է տալիս Ղարաբաղի տարածքում ականազերծում իրականացնել եւ ապահովել հաշմանդամների վերականգնումը՝ վերջին հաշվով նպաստելով տարածաշրջանում խաղաղության հաստատմանը:

Այս նյութը դիտել են - 1700 անգամ