ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին հինգշաբթի օրը հրապարակել է «Իսլամական պետություն» խմբավորման մասին հայտարարություն՝ կիրառելով այս խմբավորման արաբերեն հապավումը՝ «Դաեշ»։
«Իմ նպատակն է այսօր ձեր առջև հաստատել իմ գնահատականը, որ «Դաեշը» պատասխանատու է իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում ազգային տարբեր խմբերի, այդ թվում՝ եզդիների, քրիստոնյաների ու շիա մահմեդականների նկատմամբ իրականացվող ցեղասպանության համար։ «Դաեշը» ցեղասպան է իր ինքնահռչակամամբ, իր գաղափարախոսությամբ և գործողություններով, իր խոսքերով, իր հավատալիքներով և իր գործողություններով», - նշել է ԱՄՆ-ի պետքարտուղարը:
Քերրին նաև նշել է, որ այս ահաբեկչական խմբավորումը մեղավոր է մարդկության դեմ իրագործած հանցագործությունների և էթնիկ խմբերի դեմ իրագործած ազգային զտումների մեջ: Նա նշել է, որ բնորոշումը ընդունել է՝ հիմք ընդունելով պետքարտուղարության և այլ խմբերի ու կազմակերպությունների հավաքած նյութերը: Քերրին մանրամասն ներկայացրել է այլ հավատքի պատկանելու պատճառով այս խմբավորման կողմից կրոնական տարբեր խմբերի դեմ իրագործված մահապատիժների, բռնաբարությունների և զանգվածային սպանությունների կիրառումը։ :
Քերրիի հայտարարությունը հրապարակվեց նախքան Կոնգրեսի կողմից նախանշված մարտի 17-ի վերջնաժամկետի լրանալը, որով Օբամայի վարչակազմից պահանջվում է վերջնական որոշում կայացնել՝ «Դաեշ»-ի կողմից Իրաքի ու Սիրիայի կրոնական ու էթնիկ փոքրամասնությունների դեմ իրագործված չարագործությունների վերաբերյալ:
Պետքարտուղարությունը նշել է, որ այլ երկրում իրագործված ցեղասպանությունը կամ մարդկության դեմ հանցագործությունները ճանաչելով՝ ԱՄՆ-ը չի ստանձնում իրավական որեւէ պարտավորություն։
«Ջենոսայդ Ուոչ» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ, պրոֆեսոր Գրեգորի Սթանթոնը նշել է ցեղասպանությունները ժամանակին ճանաչելու կարևորության մասին. «Մենք երկար ժամանակ չէինք կիրառում ՝՝ցեղասպանություն՛՛ բառը Ռուանդայում։ Այդ եզրը կիրառելուց հետո, ցեղասպանությունը դադարեց այնտեղ։ Նույնը եղավ Բոսնիայում: Ապա Կոսովոյում 10 հազար մարդ զոհվեց, և երբ Մակեդոնիայում մեր ներկայացուցիչը անվանեց այն «ցեղասպանության սկիզբ», ԱՄՆ-ի քաղաքական կեցվածքը փոխվեց և թույլ չտրվեց, որ այդ ամենը խորանա: Ես գիտեմ ինչու է պետքարտուղարությունը հապաղում կիրառել այդ տերմինը, քանի որ այդ բառի օգտագործումը բարոյապես պարտադրում է գործել, պարտադրում է հակազդել հանցագործին», - ասել է պրոֆեսոր Սթանթոնը:
Ցեղասպանությունը բնորոշվում է իբրև մարդկանց մեծ խմբերի կանխամտածված ամբողջական կամ մասնակի ոչնչացում, հատկապես այն դեպքերում, երբ այն իրականացվում է էթնիկ կամ կրոնական որեւէ խմբի նկատմամբ։
Այս նյութը դիտել են - 1596 անգամ