Մարտի 18-ին, երեկոյան մեկնարկած «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի երթ-հանրահավաքը առանց միջադեպերի չի անցել: Հանրահավաքի սկզբում ելույթով հանդես եկան ճակատի նախաձեռնող անդամներ Անդրեաս Ղուկասյանը, Արմեն Մարտիրոսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանն էլ, ժողովրդի շարքերում կանգնած, ժպտում էր անցնող դարձողին։ Իսկ վերջում նույն ճակատի անդամ Վարուժան Ավետիսյանն ասաց, որ երթով շարժվելու են Հայաստանում Եվրամիության դեսպանատուն` նամակ հանձնելու դեսպանին, որտեղ հստակ նշված ՝են իրենց պահանջները։ Նրանք պահանջում էին
1.բացահայտել բոլոր այն անձանց ինքնությունը, ովքեր կազմակերպել, իրականացրել և պարտակել են մարտի 1-ի հանցագործությունները, համապատասխանաբար միջազգային պատժամիջոցներ կիրառել նրանցից յուրաքանչյուրի և բոլորի նկատմամբ։
2.ազատ արձակել Գևորգ Սաֆարյանին
3.կատարել մի քանի իրավապաշտպանների և մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունների պահանջը՝ վերանայելու բանտում գտնվող մյուս քաղբանտարկյալների գործերը և ապա ազատ արձակել նրանց։
4.միջազգային պատասխանատվություն սահմանել բոլոր նրանց նկատմամբ, ովքեր պատասխանատու են քվեների համակարգված գողությունը ծրագրելու համար թե՛ վերջին նախագահական ընտրությունների, թե՛ դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի ընթացքում։
Սակայն, երբ սկսվեց երթը, ոստիկանները փակեցին ճանապարհը` թույլ չտալով շարունակել եւ նշելով, որ երթն արտոնված չէ։ Մոտ 10 րոպե Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի և Վարուժան Ավետիսյանի բանակցությունների արդյունքում բացվեց ճանապարհը։
Փորձելով անցնել Մաշտոցի պողոտան՝ անընդհատ բախումներ էին տեղի ունենում ոստիկանների և քաղաքացիների միջև, ոստիկանները թույլ չէին տալիս` ամբողջ ճանապարհը զբաղեցնեն երթի մասնակիցները, իսկ մասնակիցները մարտական էին տրամադրված։
Անցնելով Բաղրամյան պողոտան՝ բախումները ժամանակ առ ժամանակ շարունակվում էին երթի մասնակիցների և ոստիկանների միջև։ Ոստիկանական ուժերը գնալով ավելանում էին։ Լարված իրավիճակ էր երթի մասնակիցների և ոստիկանների միջև։ Դեպի նախագահական նստավայր գնացող երթուղին ոստիկանական երկու շարքով փակված էր՝ բաց թողնելով միայն Դեմիրճյան փողոցը։ Երթի ընթացքում մասնակիցների կողմից հնչեցին ազգագրական երգեր, «Սերժիկ հեռացիր», «Մենք ենք տերը, մեր երկրի» վանկարկումներ։ Վերջին կանգառը Պռոշյան փողոցն էր՝ Եվրամիության դեսպանատան մուտքի առջև։
Այստեղ անակնկալ հայտնվեց մի մարդ՝ բղավելով. «Բանվորի արձանը հետ բերեք», «Սա նաև իմ երկիրն է» արտահայտությունները։ Երթի մասնակիցներին դուր չեկավ այդ մարդու պահվածքը, և սկսվեց հրմշտոց, բղավոց։ Երթի մասնակիցները պնդում էին, որ այդ մարդը սադրիչ է։
Ձեռքին պարզած «I Love Armenian State» գրությամբ պաստառը` նա բարձրախոսի հզորությունից ավելի բարձր տոնայնությամբ գոռում էր. «Հայաստանը պոռնկանոց չի», «Գոմիկների երկիր չի»։ «Անկոչ հյուրի» եւ հանրահավաքի մասնակիցների հետ բախումներին միջամտեց ոստիկանությունը ՝ մի կողմ տանելով այդ մարդուն, սակայն, կարծես թե, ոստիկանության միջամտությունը ցանկալի արդյունքը չտվեց՝ նա հայտնվում էր պարբերաբար ու նույն ձայնի բարձր տոնայնությամբ, նույն վանկարկումներով։
Այս անգամ, սակայն, անգլերեն պաստառին եկել էր փոխարինելու հայերեն գրությամբ պաստառը` «Գրանդակեր. Երկիրը քարը քարի վրա դնողինն է» մակագրությամբ։ Երթի մասնակիցների և այդ մարդու միջև վեճն ու հրմշտոցը այնքան թեժացավ, որ Վարուժան Ավետիսյանը խնդրեց ոստիկաններին հեռացնել այդ մարդուն։
Եվ, ահա, ծրարված նամակը ձեռքին՝ Ավետիսյանը զանգահարեց Եվրամիության գրասենյակ, որպեսզի մուտքի դիմացից նամակը վերցնեն։ Մոտ 10 րոպե սպասելուց հետո մոտեցան երկու հոգի, և Վարուժան Ավետիսյանը խնդրեց նամակը փոխանցել անձամբ դեսպանին։
Հենց այստեղ էլ և հենց այսպես էլ ավարտվեց երթ-հանրահավաքը։
Այս նյութը դիտել են - 1580 անգամ
Աննա Պապիկյան
Նյութի աղբյուրը `hraparak.am