Դաշնակցության երաշխավորությամբ Արաբկիր համայնքի նորանշանակ թաղապետ դարձած Հովհաննես Վարդանյանը, որը հանրությանն ավելի հայտնի է Լիդեր Հովո մականունով, ջանում է տպավորություն գործել, որ առաջին իսկ օրից թաղվել է աշխատանքային եռուզեռի մեջ: Զուգահեռաբար նրան այս օրերին մտահոգում է իր անկուսակցական կարգավիճակը կամ, ավելի ճիշտ կլինի ասել, իր հատուցման գինը, քանի որ ամենամոտ ժամանակներս ՀՅԴ անդամ դառնալը թաղապետի համար բոլորովին բացառված չէ:
Այն, որ Լիդերը կդառնա երդվյալ դաշնակ, կարելի է չկասկածել: Դա է վկայում նրա փառավոր անցյալը և հատկապես այդ անցյալում տեղ գտած մի ապշեցուցիչ դեպք: Պարզվում է, որ տարիներ առաջ Լիդերը իր ձեռքի ճկույթ մատը՝ ի նշան հավատարմության, կտրել և ուղարկել է ներկայիս ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին։ Սա հորինվածք չէ: Դա իսկապես եղել է հենց այդպես: Իսկ հիմա, երբ սիրելի մատի զոհաբերման մասին հիշեցնում են Արաբկիրի թաղապետին, նա ընդամենը երկիմաստ ժպտում և ասում է. «Դա երիտասարդ տարիների ռոմանտիզմ էր։ Հիմա չեմ ուզում դրանից խոսել»։
Ռոմանտի՞զմ: Ինչ անհեթեթություն: Դա ոչ ռոմանտիզմ է, ոչ հավատարմություն: Դա Կոզա Նոստրայի՝ մաֆիոզական աշխարհի բարքերի դրսևորում է: Դա ստրուկի արարք է, կույր ֆանատիզմի ճիչ՝ արյունալի անդամահատմամբ:
Շատ շուտով անճկույթ Լիդերը կդառնա ՀՅԴ անդամ: Տեսնես հանուն Դաշնակցության իր ի՞նչն է կտրելու: Ու դեռ քանի՞ անգամ նա պիտի մարմնի կտորներ նվիրի սրան-նրան՝ իր պատկերացրած ռոմանտիզմի շրջանակներում: Սպասելով ինքնախեղման հերթական ակտին, ժողովրդին էլ այլ բան չի մնում, քան այդ ընթացքում լրջորեն մտածել, թե այս ովքե՞ր են ղեկավարում իրեն: