ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը, որը ԲՀԿ-ում մեծ ինտրիգանի համբավ ձեռք բերեց և արդյունքում հեռացվեց կուսակցությունից, հիմա մեկ կարևոր խնդիր ունի լուծելու՝ հոգ տանել 2017 թվականի խորհրդարանում իր ներկայությունն ապահովելու համար: Հենց այդ հեռանկարն էլ բացել է նրա սակավախոս լեզուն, և պատգամավորը բավական հետաքրքրական դատողություններ է անում Հայոց քաղաքական դաշտում իր անուրանալի ավանդի ու դերի մասին: Օրինակ, պարզվում է, որ Ախոյանի ամբողջ կյանքի կարևորագույն գործերից մեկը եղել է կուսակցություններ կայացնելը: «Ես արդեն հոգնել եմ նոր կուսակցություն կայացնելու գործընթացից»,- սրտի կսկիծով ասում է ազգիս մեծ բեզարածը, սակայն հաջորդ պահին էլ անկեղծանում ու խոստովանում է, որ պատրաստվում է շատ արագ իրեն նետել մեկ այլ քաղաքական ուժի գիրկը, որ այսուհետ դրան կայացնի:
«Բնականաբար, այլ կուսակցության անդամակցությունն անխուսափելի է, սակայն բացառապես գործող կուսակցություններին, որոնք ունեն հին կուսակցական և քաղաքական մշակույթ և քաղաքական կուրսն ու համոզմունքները հոգեհարազատ են ինձ»,- ասում է Ախոյանը, և անզեն աչքով էլ տեսանելի է, թե որ կուսակցությանը նկատի ունի:
Այն, որ կուսակցությունների տատմեր ու կնքահայր Արագած Ախոյանն ընդունակ է արագ ու անկաշկանդ մի դաշտից մյուսն անցնել, նրա խորին համոզմամբ, անսկզբունքայնության կամ անողնաշարության դրսևորում չէ: Ախոյանը դրա համար այլ որակում է գտել: «Ես բազմաֆունկցիոնալ մարդ եմ և շատ շուտ կկարողանամ կողմնորոշվել»,- իր մասին ներբող է հնչեցնում նա:
Արագ գունափոխանակությունը բազմաֆունկցիոնալիզմի հետ նույնացնելը թող մնա իր խնդիրը: Իսկ որ Ախոյանը հեռատես մարդ է՝ սա կասկածից վեր է: Նա հիմա աչքի տակ ունի ՀՀԿ-ն և պատրաստվում է մոտ օրերս նրա դուռը գնալ: Բայց եթե այնպես պատահի, որ հանրապետականները նրան հենց շեմքից վռնդեն, Արագածը նման շրջադարձի համար պահուստային տարբերակ ունի: Եվ այդ պահուստայինը Արթուր Բաղդասարյանի ընդարձակ գիրկն է: Ախոյանը գիտե, որ հիմա նրա ստեղծած «Հայկական վերածնունդ»-ում անխտիր ընդունում են բոլորին, միայն թե գլխաքանակ ապահովվի: Իսկ քանի որ ինքը կուսակցություններ կայացնող վարպետաց վարպետն է ու դրա հետ մեկտեղ էլ լավ հոգնած է, ապա ինչու, իբրև ծայրահեղ տարբերակ, պիտի չգնա հին ՕԵԿ-ի մոտ ու մի լավ դնջանա: Դա կլինի իսկապես վաստակած հանգիստ հարազատ մարդկանց միջավայրում: