Մեկ ամիս առաջ, երբ դաշնակցականները ձեռք գցեցին իշխանական պորտֆելները և Դավիթ Լոքյանն էլ նշանակվեց տարածքային կառավարման նախարար, նրա որդին՝ Սերգեյ Լոքյանը, որը վարչապետի խորհրդականն էր, իր դիմումի համաձայն ազատվեց աշխատանքից: Այս դրվագը դաշնակները շտապեցին ներկայացնել իբրև բարոյական պահվածքի մեծագույն դրսևորում ու բացառիկ ինքնազոհողություն: Տեսեք, տեսեք, հայր ու որդի իշխանությունը չեն ցանկանում վերածել մասնավոր կալվածքի, և նրանցից մեկը հեռանում է մյուսի անկաշկանդ աշխատանքն ապահովելու համար:
Սկզբում իսկապես հուզիչ էր: Արցունքոտվելու աստիճան: Սակայն այս զեղումնաշատ լիրիկան երկար չտևեց ու, փաստորեն, ունեցավ պրոզայիկ ավարտ:
Այսօր հայտնի դարձավ, որ Լոքյանի տղան շուտով կդառնա Աժ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավոր խորհրդականը։ Մնում է ընդամենը, որ հիվանդ Գրիգորիչը վերադառնա ու ստորագրի նրա հրամանագիրը։
Եվ գեղեցիկ հեքիաթն էլ այդքանով բարի ավարտ կունենա Լոքյանների համերաշխ ընտանիքի համար: Իշխանությունն այս երկրում ժառանգականություն է սիրում, ու դա անհրաժեշտ է ապահովել ամեն գնով: Ոչինչ, եթե հանրությունը մեկ անգամ ևս խոր հիասթափություն ապրեց: Մեղավորը մարդիկ են: Այնքան հեշտ են հավատում անիրական պատմություններին: Իսկ կյանքը դաժան է: Այդ մասին ամենալավը կարող են պատմել Լոքյանները:
Այս նյութը դիտել են - 1775 անգամ