Ի տարբերություն ԱՄՆ-ի՝ Հայաստանում իշխանական թեկնածուի համար անհրաժեշտ թիվը չապահովելու դեպքում վտանգում են իրենց դիրքը, պաշտոնն ու ունեցվածքը...2016-03-20 20:06:00
Մարտի 15-ի «մինի սուպեր երեքշաբթին» ԱՄՆ-ում կարող է ճակատագրական լինել Հանրապետական կուսակցության համար: Գործարար Դոնալդ Թրամփի հաղթարշավը մեծագույն ազդակ ստացավ Ֆլորիդայում տարած հաղթանակի արդյունքում: Դրան հակառակ` սենատոր Ռուբիոն ձախողվեց իր ծննդավայրում` ծանր կացության մեջ դնելով կուսակցական ղեկավարությանը:
Հարկ է նկատել, որ Ֆլորիդայում Մարկո Ռուբիոյի հաղթանակը նախնական հարցումներով չէր էլ հաստատվում: Թրամփը սենատորի համեմատ ուներ առնվազն 8-10 տոկոս առավելություն` ի տարբերություն Օհայոյի, որտեղ նահանգապետ Քեյսիքը որոշ հարցումներով նույնիսկ հաղթում էր Թրամփին: Ինչեւէ, Ֆլորիդայում Ռուբիոն պետք է հաղթեր ինչ գնով էլ, որ լիներ:
Ուստի եւ նա քարոզարշավի ընթացքում խոստանում էր Թրամփին ջախջախել իր հարազատ նահանգում: Այստեղ քվեարկության առանձնահատկությունն այն է, որ Քլիվլենդում հուլիսին կայանալիք մեծ համաժողովի համար ընտրվող լիազորները, թվով 99, ամբողջովին բաժին են հասնում հաղթողին: Ավելին` Ֆլորիդայում տարած հաղթանակը խիստ խորհրդանշական կլիներ Ռուբիոյի համար, այլապես տարօրինակ է, թե ինչպես էր քաղաքական գործիչը հավակնում միասնական թեկնածուի կարգավիճակին, երբ ի վիճակի չէ անգամ հաղթել իր նահանգում:
Քարոզարշավի ընթացքում Ռուբիոն պնդում էր, որ Ֆլորիդայում հաղթանակ տարած գործիչն է հենց դառնալու հանրապետականների միասնական թեկնածուն: Տեսնելով անձնական վիրավորանքների անհեռանկարայնությունը եւ հատկապես հաշվի առնելով հանգամանքը, որ դրանք առաջին հերթին վնասում են հենց իրեն, Ռուբիոն այս անգամ զերծ է մնացել Թրամփին անվանարկելուց: Սենատորը, սակայն, կրկնել է, որ իրենք չեն կարող նման շռայլություն թույլ տալ եւ թեկնածու առաջադրել ոչ պահպանողական Թրամփին: Խնդրելով Ֆլորիդայի բնակիչների օգնությունը` Ռուբիոն շեշտել է, որ Թրամփի թեկնածությունը նոյեմբերին կայանալիք ընտրություններում պարտություն է խոստանում հանրապետականներին:
Ի դեպ, մարտի 10-ի բանավեճում մրցակիցները խիստ զուսպ էին Թրամփի հանդեպ, ինչը, հակառակ սպասվածի՝ կրկին աշխատեց հօգուտ գործարարի: Բայց եւ այնպես, Ֆլորիդայում Ռուբիոյի ձախողումը պետք է դիտարկել առաջին հերթին «սուպեր երեքշաբթիից» ի վեր մեկնարկած նրա անկման համատեքստում: Բացի այդ՝ Ռուբիոն, ընտրապայքարի մեջ մտնելով՝ զգալիորեն սասանեց իր նախկին հովանավոր Ջեբ Բուշի դիրքերը: Կարելի է ասել, թույլ չտալով Բուշին դառնալ միասնական թեկնածու` Ռուբիոն եւս չհաջողեց իր առաջադրանքում:
Իսկ սենատոր Թեդ Քրուզը հայրենի Թեքսասում տարած խոշոր հաղթանակով ապացուցեց, որ կարող է դառնալ միասնական թեկնածու: Եվ պատահական չէ, որ Ֆլորիդայում Քրուզն ամեն ինչ արեց՝ խանգարելու համար Ռուբիոյին: Քրուզը զգալի ֆինանսական ներդրումներ կատարեց Ֆլորիդայում, նոր գրասենյակներ բացեց եւ նոր համակիրներ հավաքագրեց, թեեւ ի սկզբանե պարզ էր, որ առաջինը լինելու հնարավորություն նա չուներ: MSNBC-ի մեկնաբան Սարլին բավականին դիպուկ է նկատել. «Թեդ Քրուզը ջրում արյան հոտ էր առել»:
Ակնհայտորեն, Թեքսասի սենատորը անուղղակի թիրախ էր ընտրել հենց Ռուբիոյին, որը Թրամփի դեմ կուսակցական բոսերի նախընտրելի թեկնածուն դառնալու Քրուզի խաղում վերջին խոչընդոտն էր: Հաշվի առնելով Ֆլորիդայի քվեարկության պատկերը, երբ Թրամփը առաջինն էր ավելի քան 45 տոկոսով, իսկ Ռուբիոն հեռավոր երկրորդը, կարող ենք վստահաբար պնդել, որ հենց Քրուզին է վիճարկված Թրամփին հակադրվելու նոր առաքելությունը՝ հատկապես ընտրապայքարը լքելու Ռուբիոյի որոշումից հետո։
Մարտի 15-ի պայքարում իր առանձնահատուկ դերն ուներ նաեւ Օհայոյի նահանգապետ Ջոն Քեյսիքը: Վերջինս նախորդ քվեարկությունների ժամանակ ոչ մի նահանգում հաղթանակ չէր տարել: Նրա ամենատպավորիչ արդյունքները եղել են Նյու Հեմփշիրը, Մասսաչուսեթսը եւ Վերմոնտը, որտեղ Քեյսիքը գրավել էր երկրորդ հորիզոնականը:
Վերջինս, ի պատասխան լրագրողների զարմանքի, թե ինչու է մնում ընտրապայքրաի մեջ, երբ ակնհայտորեն շանսեր չունի հաղթելու, պնդում էր, որ նախ ինքը հաղթելու է Թրամփին հարազատ Օհայոյում եւ ապա համոզված նկատում, որ Քլիվլենդի համաժողովին ընդառաջ թեկնածուներից ոչ ոք չի կարող հավաքել 1237 լիազորներ, ուստի ընտրությունը կատարվելու է երկրորդ փուլով, իսկ ինքն էլ դառնալու է հենց այդ թեկնածուն:
Քեյսիքի հաղթանակը կարծես արդարացրեց պայքարի մեջ մնալու նրա մարտավարությունը: Բայց եւ այնպես, Քեյսիքի միակ հույսը մնում է Քլիվլենդի համաժողովը, որին նահանգապետը ավելի եւս ամուր դիրքերից կմոտենա` հաշվի առնելով Ռուբիոյի ջախջախումը Ֆլորիդայում:
Ի տարբերություն ԱՄՆ-ի` Հայաստանում չենք հանդիպում նման իրավիճակի, երբ թեկնածուն ամեն կերպ ձգտում է հաղթել իր ծննդավայրում: Ըստ երեւույթին պատճառները մի քանիսն են: Նախ Հայաստանի վարչատարածքային բաժանումն այդքան էլ մեծ չէ, ինչպես, ասենք, ԱՄՆ-ում, որտեղ նյույորքցին պարտավոր չէ հաղթել Կալիֆոռնիայում, բայց սեփական նահանգում չհաղթելն արդեն իսկ թուլության նշան է: Եվ ապա Հայաստանում ընտրությունները տեղի չեն ունենում արդար ու թափանցիկ ընտրակարգով: Մեզ մոտ իշխանությունը հաղթում է մարզերում, որտեղ չքավորությունը բարձր մակարդակի վրա է, եւ ոչ մի տրամաբանությամբ իշխանությունը բարձր հեղինակություն ունենալ չի կարող:
Սակայն ի տարբերություն ԱՄՆ-ի` Հայաստանում ամեն ընտրատարածքում կան հատուկ պատասխանատուներ, որոնք իշխանության թեկնածուի համար անհրաժեշտ թիվը չապահովելու դեպքում վտանգում են իրենց դիրքը, պաշտոնն ու ունեցվածքը Եվ զուտ պատահականորեն, այդ պատասխանատուները կամ պետական համակարգի աշխատողներն են կամ էլ քրեական հեղինակությունները:
Օրինակ` Հայաստանում Շիրակի մարզը համարվում է ընդդիմադիր, ինչի հանդեպ իշխանությունները հստակորեն ցույց են տալիս իրենց բացասական վերաբերմունքը: Դրա վառ ապացույցը 8 տարվա նախագահության ընթացքում Սերժ Սարգսյանի հատուկենտ եւ դժկամ այցերն են:
Ն. Հովսեփյան
armlur.am
Այս նյութը դիտել են - 1510 անգամ